Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյան. «Ընտրությունները չանցան արդար եւ թափանցիկ»


«Ընտրությունները չանցան արդար, չանցան թափանցիկ` գոնե 5-րդ ընտրատարածքի մասին կարող եմ այդպես ասել», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հայտարարեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տվյալների, թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ներկայիս խորհրդարանի պատգամավոր, հանրապետական Լեւոն Սարգսյանը` ստանալով 12397 ձայն, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը 6886 ձայնով երկրորդ տեղում է:

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահի համոզմամբ, «այդ ընտրությունները չեն արտացոլում այդ ընտրատարածքում հասարակության կամքը` պատկերը լրիվ այլ է»:

«Մեծ քանակությամբ եղել են «կարուսելներ», եթե տեսնեիք տեղամասերի փաստաթղթային վիճակը, քվեաթերթիկների վիճակը, պարկերի վիճակը` թե մարդիկ ինչ թափթփվածությամբ էին այդ կեղծիքներն անում», - պատմեց Հովհաննիսյանը: - «Ներս էին մտցնում քվեարկած քվեաթերթիկներ եւ ոչ քիչ քանակությամբ, իհարկե, ամեն առիթ օգտագործում էին, որ մեր քվեաթերթիկները պակասեին: «Գոհարիկը» գալիս էր «Գասպարի» փոխարեն քվեարկելու, «Գասպարը» գալիս էր «Գոհարիկի» անձնագրով քվեարկելու: Իսկ երբ տեղամասերից տանում էին տարածքային հանձնաժողով` հատուկ պարկերով, պարկերը բոլորը պատռված էին, բոլորը կտրված էին մկրատով, սուր գործիքներով: Բոլոր արկղերը, որտեղ քվեաթերթիկներ կային, կամ կափարիչ չունեին, կամ կափարիչները կոտրված էին»:

«Այսինքն` հանձնաժողովների ողջ կազմը մի խնդիր էր լուծում` ծառայում էր Հանրապետական կուսակցության քմահաճույքներին եւ դա անում էր բավական ազատ եւ ցինիկ», - ամփոփեց նա:

Այդուհանդերձ, Հովհաննես Հովհաննիսյանը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները. - «Եթե բողոքարկես, ուրեմն` պետք է հավատաս ինչ-որ բանի: Ես այդ հավատը չունեմ եւ չեմ բողոքարկում»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG