Մատչելիության հղումներ

Չնայած իր պարտությանը` Հովհաննես Իգիթյանը հուսադրող երեւույթ է տեսնում ապագայի համար


«Եթե մի երկրում հասարակության մեջ կան 20-22 տոկոս մարդիկ, որոնց համար նշանակություն չունեն այն մեթոդները, որոնցով աշխատեցին իշխանական կուսակցությունները ամբողջ Հայաստանում` ես դա համարում եմ հուսադրող երեւույթ ապագայի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայոց համազգային շարժման թեկնածու Հովհաննես Իգիթյանը, ով մայիսի 12-ի ընտրություններում պարտվել է` ստանալով շուրջ 5600 ձայն:

Իգիթյանը էական է համարում, որ «կա մի զանգված, որը չի հրապուրվել գումարային առաջարկներից, վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների ճնշման տակ այդքան մարդ կարողացել է իր մեջ գտնել ցանկություն` խորհրդարանում տեսնել քաղաքական գործչի»:

«Այդքանով ես գտնում եմ, որ հաջողված են ընտրությունները», - ընդգծեց նա:

Երեւանի Ավան համայնքը եւ Նոր Նորք համայնքի մի մասը ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը` ստանալով 21178 ձայն:

«Ես շտաբ չեմ ունեցել, որեւէ վստահված անձ ոչ մի տեղ չեմ դրել, որովհետեւ հասկանում էի` որտեղ եմ առաջադրվել եւ ինչի համար եմ առաջադրվել», - նշեց Հովհաննես Իգիթյանը` ամփոփելով. - «Իհարկե, լծակներ օգտագործվել են, բայց ես այստեղ մեղադրում եմ ոչ թե Հայրապետյան Ռուբենին կամ Ավանի թաղապետին, ով ակտիվորեն աշխատել է Հայրապետյան Ռուբենի օգտին, այլ կարծում եմ, որ այստեղ կա հասարակության պրոբլեմը եւ նաեւ` ընդդիմության չմիավորվելու պրոբլեմը»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG