Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդական առաքելությունը երեկ հայտարարել է, որ մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները «բարելավում էին նախորդների համեմատությամբ եւ մեծավ մասամբ անցկացվել են միջազգային պարտավորություններին համապատասխան, չնայած դեռեւս մնում են որոշ խնդիրներ»:

Այս գնահատականը Երեւանում հնչեցրեցին միջազգային դիտորդական առաքելության ղեկավարները:

Առաքելությունը դրվատել է Հայաստանի իշխանություններին՝ «լուրջ թերությունները վերացնելու, այդ թվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ ձեռնարկած ջանքերի համար»:

Հայաստանյան ընտրություններին հետեւել է մոտ 100 պատգամավոր եւ 300 կարճաժամկետ դիտորդ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԵԱՀԿ-֊ի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովները եւ Եվրախորհրդարանը:

«Այս ընտրություններում հստակ բարելավում էր նկատվում, եւ դա լավ է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար»,֊ - ասաց ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Տոնե Տինգսգարդը:

Միաժամանակ, դիտորդները երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել են, որ «ընթացակարգային բնույթի որոշ խնդիրներ են առաջ եկել քվեների հաշվման եւ ամփոփման ընթացքում, ինչպես նաեւ գրանցվել են միտումնավոր կեղծումների առանձին դեպքեր»:

«Մենք շարունակելու ենք հետեւել հետընտրական զարգացումներին եւ միայն դրանց ավարտից հետո կունենանք ամբողջական պատկերը»,֊ - ասաց երկարաժամկետ առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը:

Դիտորդները «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ միջազգային առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի երկու ամսից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG