Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն վավերացրեց համամասնական ընտրությունների նախնական արդյունքները


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) վավերացրեց չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Արձանագրությունը հրաժարվեցին ստորագրել ԿԸՀ-ում «Ազգային միաբանության», «Արդարություն» դաշինքի եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, թե այս ընտրություններով «հերթական մահացու հարվածը հասցվեց ժողովրդավարությանը»:

Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը ասաց, որ հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, քանի որ «Օրինաց երկիր»-ը մտադիր է քվեարկության արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Այդուամենյանիվ, 6 կողմ եւ 3 դեմ ձայնով համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները վավերացվեցին: Ըստ այդմ` ընտրություններին մասնակցել են 1 մլն 389 հազար 521 ընտրող: Անվավեր են ճանաչվել 40 312 քվեաթերթիկ: Նախնական արդյունքներով, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով սահմանված 5 տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություն` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ «ժառանգություն»:

Երրորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ազգային միաբանություն»-ը, ՄԱԿ-ը:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների վերջնական արդյունքները օրենքով եւ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցով վերջնականապես ամփոփելու եւ վավերացնելու ժամկետը մայիսի 19-ն է, մեծամասնականինը` մայիսի 18-ը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG