Մատչելիության հղումներ

Վարդան Խաչատրյան. «Ֆիքսված ձայների քանակությունը երեք անգամ զիջում է իրական ձայներին»


Ընտրությունների նախնական արդյունքներով համամասնական ընտրակարգով շուրջ 6 տոկոս ձայն ստացած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Վարդան Խաչատրյանի խոսքերով, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը երեկվա քվեարկության ժամանակ ստացել է ֆիքսվածից երեք անգամ ավելի քվե:

«Ֆիքսված ձայների քանակությունը, մեր խորին համոզմամբ, մոտավորապես երեք անգամ զիջում է իրական ձայներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Մայրաքաղաքում խիստ զգալի էր «Ժառանգություն» կուսակցության հանդեպ դրական վերաբերմունքն ու սերը ժողովրդի: Այս առումով շնորհակություն եմ հայտնում մեր ժողովրդին: Ընտրության ընթացքում ունեցած ձայների եւ վերջում ձեւակերպված թվերի միջեւ կա զարմանալի տարբերություն. կազմակերպությունը, որը ուղղակի երկրորդ տեղում է Երեւանում, ըստ էության` մի կերպ հաղթահարել է 5 տոկոսը: Սա բավականին մտահոգիչ է»:

«Մենք ունենք բազմաքանակ ընտրախախտումներ եւ բողոքներ, որոնք ներկայացրել ենք եւ հետամուտ ենք լինելու դրանց հատկապես մի մասին` ընդհուպ մինչեւ քրեական պատժման մակարդակը: Եվ միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ ընտրակեղծիքները այս անգամ իրականացվել են զգալիորեն ավելի որակով, նոր մոտեցումներով», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ «Ժառանգություն»-ը միանա ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր հանրահավաք են անցկացրել Ազատության հրապարակում, Խաչատրյանը պատասխանեց. - «Կոնկրետ` դուրս ենք գալու փողոց, թե ոչ, ես կարող եմ անձամբ ասել, որ առավել հավանական է, որ մենք կհամագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ, որոնք բողոքում են ընտրությունների անարդարությունից»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG