Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները դրական են գնահատել հայաստանյան ընտրությունները


Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել է, որ երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները «բարելավում էին նախորդների համեմատությամբ եւ մեծավ մասամբ անցկացվել են միջազգային պարտավորություններին համապատասխան, չնայած դեռեւս մնում են որոշ խնդիրներ»:

Այս գնահատականն այսօր Երեւանում հնչեցրեցին միջազգային դիտորդական առաքելության ղեկավարները:

Առաքելությունը դրվատել է Հայաստանի իշխանություններին՝ «լուրջ թերությունները վերացնելու, այդ թվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ ձեռնարկած ջանքերի համար»:

Հայաստանյան ընտրություններին հետեւել է մոտ 100 պատգամավոր եւ 300 կարճաժամկետ դիտորդ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԵԱՀԿ-֊ի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովները եւ Եվրախորհրդարանը:

«Այս ընտրություններում հստակ բարելավում էր նկատվում, եւ դա լավ է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար»,֊ - ասաց ԵԱՀԿ֊ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Թոնե Թինսգարդը:

Միաժամանակ դիտորդները այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել են, որ «ընթացակարգային բնույթի որոշ խնդիրներ են առաջ եկել քվեների հաշվման եւ ամփոփման ընթացքում, ինչպես նաեւ գրանցվել են միտումնավոր կեղծումների առանձին դեպքեր»:

«Մենք շարունակելու ենք հետեւել հետընտրական զարգացումներին եւ միայն դրանց ավարտից հետո կունենանք ամբողջական պատկերը»,֊ - ասաց երկարաժամկետ առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը:

Դիտորդները «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ միջազգային առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի երկու ամսից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG