Մատչելիության հղումներ

logo-print

Թիվ 14/17 ընտրատեղամասում խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը


Թիվ 14 ընտրատարածքի` Բյուրականում գտնվող թիվ 17 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ավետիք Սողոմոնյանը` գյուղապետ Հրաչ Ավագյանի եւ ոստիկանների օգնությամբ, դուրս հրավիրեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին` սպառնալով արձանագրություն կազմել, թե լրագրողը խոչընդոտել է ընտրությունը եւ մեկ ժամով դադարեցրել է քվեարկությունը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, մինչդեռ, տվյալ տեղամասում եղել է առավելագույնը կես ժամ, եւ ամբողջ այդ ընթացքում քվեարկությունը շարունակվել է:

Տեղամաս մտնելուն պես նա ականատես է եղել, թե ինչպես քվեախցիկների ներսում ինչ-որ մարդիկ ուղղորդում են քվեարկողներին: Նման դեպքերից մի քանիսը հանձնաժողովի նախագահը հիմնավորեց նրանով, թե քվեարկողը ծեր է, եւ նրան օգնում է «հարազատ որդին կամ եղբայրը»: Հետո, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես եղավ հանձնաժողովի անդամներից մեկի կողմից ընտրողին ուղղորդելու, ինչպես նաեւ` բաց քվեարկության դեպքերի:

Թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ներկայումս կալանքի տակ գտնվող` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանի եղբայրը եւ վստահված անձը` Մասիս Մալխասյանը, միջամտեց եւ պահանջեց դադարեցնել խմբակային քվեարկությունը, ինչը վերածվեց վիճաբանության: Արդյունքում, հանձնաժողովը նրանից պահանջեց դուրս գալ ընտրատեղամասից, եւ նրան ոստիկանների ուղեկցությամբ տարան ոստիկանության Արագածոտնի բաժանմունք:

Քիչ անց հանձնաժողովի անդամները` նախագահի գլխավորությամբ, սկսեցին պահանջել, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը եւս դուրս գա տեղամասից` պատճառաբանելով, թե նա խանգարում է քվեարկությանը, քանի որ մինչեւ նրա այնտեղ մտնելը ամեն ինչ հանգիստ էր, իսկ մտնելուց հետո մթնոլորտը շիկացավ:

Թեկնածուներից մեկի վստահված անձը, որը խնդրեց իրեն չներկայացնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ խառնաշփոթի պատճառը մարդկանց կուտակումն էր ընտրատեղամասում: Նա այդ հերթը չհամարեց ակտիվության դրսեւորում, քանի որ կասկածներ ունի, թե պարզապես ընտրակաշառք են բաժանել եւ մարդկանց բերում են քվեարկության:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողի կողմից ընտրությունը «խոչընդոտելու» վերաբերյալ արձանագրություն տեղամասային ընտրական հանձնաժողովը չի կազմել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG