Մատչելիության հղումներ

logo-print

Ծեծկռտուք է տեղի ունեցել դաշնակցականների եւ հանրապետականների միջեւ


Երեւանի Ավան համայնքը եւ Նոր Նորք համայնքի մի մասը ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի 26-րդ ընտրատեղամասում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել դաշնակցականների եւ հանրապետականների միջեւ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վահրամ Մանուկյանը եւ հանձնաժողովի քարտուղար Մարինե Սողոմոնյանը:

Մարինե Սողոմոյանի վկայությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի երիտասարդ փորձել է երկրորդ անգամ քվեարկել Դաշնակցության օգտին, իսկ ինքը եւ Հանրապետական կուսակցության վստահված անձը` Լեւոն Դավոյանը, նկատել են եւ անմիջապես դուրս են հրավիրել երիտասարդին. - «Ինքը դուրս եկավ, ավելի ճիշտ` փախավ, թե չէ կվերցնեի անձնագիրը: 15 րոպե հետո մի ամբոխ մտավ դպրոց, եւ սկսվեց ջարդ ուղղակի` դաշնակցականները ծեծում էին հանրապետականներին: Հետո սկսեցին հանրապետականները նրանց ծեծել` «ջիպ»-երով լցվեցին դպրոցի բակ, ես դուրս հրավիրեցի, դուրս եկան դպրոցի բակ, ու, չգիտեմ, սպանդ էր երեւի` իրար ծեծում էին»:

Նա վստահեցրեց, որ կրակոց չի եղել. - «Ուղղակի իրար ծեծեցին դաժան ձեւով»:

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ծեծկռտուքի պատճառների մասին հանձնաժողովի քարտուղարի ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում, հակառակը` Դաշնակցությունն է կանխել զեղծարարությունը, ինչի պատճառով տեղի է ունեցել «մեծ բախում»:

Ռուստամյանը խոստացավ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Որոշ տեղեկությունների համաձայն, այս ծեծկռտուքին առնչություն է ունեցել նաեւ Հանրապետական կուսակցության անդամ, նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե նման միջադեպ է եղել. - «Ոչ մի բան էլ չի եղել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG