Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Շատ կցանկանայի, որ այս ընտրությունները լինեին լավագույնը Հայաստանի պատմության մեջ»


«Ես շատ կցանկանայի, որ ընտրությունները ե'ւ մեր ժողովրդի համար, ե'ւ բազմաթիվ դիտորդների համար լինեին լավագույնը Հայաստանի պատմության մեջ», - քվեարկելուց հետո այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Ավելի ճիշտ` որպեսզի ե'ւ ժողովուրդը, եւ դիտորդները այդպես գնահատեին»:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած Հանրապետական կուսակցության հնարավորությունները, իսկ ընտրությունների ընթացքը, նրա խոսքերով, հանդարտ է. - «Համենայն դեպս, մենք որեւէ անհանգստացնող, լուրջ փաստ չունենք»:

Նա կարծիք հայտնեց, որ ընտրողների ակտիվությունը մեծ կլինի` փաստարկելով. - «Որովհետեւ բոլորս լավ քարոզարշավ ենք անցկացրել»:

Ի պատասխան դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարում են ընտրությունների կեղծված լինելու մասին` նկատի ունենալով նախընտրական շրջանում վարչական ու ֆինանսական միջոցների չարաշահումները, վարչապետը ընդգծեց. - «Յուրաքանչյուրը իրավունք ունի հայտարարել ինչ ցանկանում է` մենք ժողովրդավարական երկիր ենք: Ընտրությունների նախապատրաստական փուլը, իմ խորին համոզմամբ, անցել է ժողովրդավարական սկզբունքներին համաձայն: Դա էլ ժողովրդավարության մաս է` թող ասեն, եթե այդպես են կարծում: Եթե հանկարծ շատ քիչ ստանայինք, միգուցե մենք էլ այդպես ասեինք»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ վաղը ընդդիմության կողմից անցկացվելիք, իրենց բնորոշմամբ` հուժկու հանրահավաքի ընթացքում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ չեն լինի: «Ես կարծում եմ, մեր ընդդիմությունը արդեն բավականաչափ հասուն է եւ որեւէ օրենք չի խախտի, հասարակական կարգը չի խախտի: Թող հանրահավաք անեն, հավաքվեն, երթ անեն», - ասաց վարչապետը` վստահեցնելով, որ 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունները, երբ ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրեց ընդդիմադիրների ցույցը, չեն կրկնվի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG