Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Արդար ընտրությունների դեպքում ծանրակշիռ ներկայություն կունենանք խորհրդարանում»


«Եթե Հայաստանում լինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա բավական ծանրակշիռ ներկայություն Ազգային ժողովում», - հայտարարեց կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը այսօր առավոտյան քվեարկելուց հետո:

«Ես չեմ ուզում այս պահին խոսել տոկոսների մասին, բայց կուսակցությունը ուշի ուշով հետեւում է ողջ ընտրական գործընթացին ամբողջ երկրում` իր 6 հազար հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց միջոցով», - ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, «Օրինաց երկիր»-ը արդեն իսկ խախտումներ գրանցել է` առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն մի քանի ահազանգ է ստացվել. - «Առաջինը` Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում արձանագրել ենք օգտագործված կնիքի դեպք եւ կորած 100 քվեաթերթիկի փաստ: Այս առիթով կդիմենք համապատասխան մարմիններին: Մնացածը` մենք երեկ կոչ-հայտարարությամբ ենք հանդես եկել, որովհետեւ ամբողջ հանրապետության տարածքով զանգվածային ձեւով բաժանվում էր ընտրակաշառք, եւ մենք դիմել ենք կոչով իրավապահ մարմիններին` բռնել եւ պատժել բոլոր ընտրակաշառք բաժանողներին, քանի որ դրա համար նախատեսվում է ազատազրկում` 3-5 տարի ժամկետով»:

Այն հարցին, թե ի՞նչ կանի «Օրինաց երկիր»-ը, եթե ընտրություններն արդար եւ թափանցիկ չանցնեն, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. - «Մենք չենք ուզում խոսել եթե-ապաներով: Մենք կանենք քաղաքական հայտարարություն ընտրությունների ավարտից եւ ձայների հաշվվման գործընթացից հետո եւ կասենք մեր հետագա քայլերի մասին»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG