Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան ժամը 8:00-ին Հայաստանում սկսվեցին Ազգային ժողովի ընտրությունները: 41 ընտրատարածքների 1923 ընտրատեղամասերում քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն եւ մեկ դաշինք` Ազգային ժողովրդավարական, «Ազգային համաձայնություն», «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն», Ժողովրդական, «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի երիտասարդական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայաստանի մարքսիստական, «Հանրապետություն», Միավորված աշխատանքային, Միացյալ ազատական ազգային, «Նոր ժամանակներ», Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը:

Մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում ընդգրկված են 119 թեկնածուներ:

Ընտրատարածքներից 7-ում առաջադրված են մեկական թեկնածուներ, այդ թվում թիվ 7 ընտրատարածքում՝ ներկայիս գումարման Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը, թիվ 8 ընտրատարածքում` պատգամավոր, անկուսակցական Հակոբ Հակոբյանը, թիվ 13 ընտրատարածքում` պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Պուրտոյանը, թիվ 20 ընտրատարածքում՝ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հրանտ Գրիգորյանը, թիվ 27 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մելիք Մանուկյանը, թիվ 28 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ 32 ընտրատարածքում՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Պողոսյանը:

Համամասնական ընտրակարգով կընտրվեն նոր խորհրդարանի 90, մեծամասնականով` 41 պատգամավորներ:

Ըստ ընտրությունների նախօրեին ոստիկանության հրապարակած ճշտված տվյալների, Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 285 հազար 830:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG