Մատչելիության հղումներ

Քվեատուփերը ունեն ոչ թե մեկ, այլ 5 անցք


Ինչպես անսպասելիորեն պարզվեց այսօր «Ազատություն» ռադիոկայանում ստացված ահազանգերից, վաղվա քվեարկության համար նախատեսված քվեատուփերը ունեն ոչ թե մեկ, այլ հինգ անցք` մեկը վերին մասում, չորսը` ստորին:

Մայրաքաղաքի Արաբկիր համայնքում գտնվող թիվ 4 ընտրատարածքի տեղամասերից մեկում երկուական սպիտակ, պլաստիկ, թափանցիկ քվեատուփերն իրոք ստորին հատվածում, այսինքն` տուփի հատակին բացված չորսական անցք ունեին՝ մոտ 4 սմ տրամագծով:

Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆռանգուլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում. եթե տեղամասային հանձնաժողովը մտավախություն ունի, կարող է թուղթ դնել, սոսնձել. - «Բայց չեմ կարծում, որ դա թափանցիկ, նորմալ ընտրություններ կազմակերպելու հետ կապված խնդիրներ է առաջացնում»:

Ըստ Ընտրական օրենսգրքի, քվեատուփը թափանցիկ նյութից պետք է լինի, իսկ դրա նմուշը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ֊-ն փետրվարի 27-֊ի իր որոշմամբ սահմանել է նմուշը. բայց հանձնաժողովի պաշտոնական կայքում որոշումը կա, իսկ նմուշի սահմանումը չկա:

ԿԸՀ-ի անդամ Ֆելիքս Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրենց սահմանած նմուշում ընդամենը մեկ անցք կա՝ քվեատուփի վերին մասում. քվեաթերթիկը գցելու ճեղքն է:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մեր տեսածը ոչ թե եզակի նմուշներ էին, այլ` բոլոր հինգ հազար քվեատուփերն են այդպիսին:

«Այդ քվեատուփերը հենց այդպես էլ պատվիրված են, որպեսզի այլ նպատակներով չօգտագործվեն, այլ միայն՝ ընտրությունների համար», - փաստարկեց Խաչատրյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG