Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն քննության կառնի Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային համակարգ տեղակայելու ամերիկյան ծրագրերը


ԵԱՀԿ-ն ռուսական կողմի պահանջով մայիսի վերջին քննության է առնելու Lեհաստանում ու Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` Միացյալ Նահանգների մտադրության հարցը:

Վերլուծաբանները համոզված են, որ պաշտոնական Մոսկվան կփորձի օրակարգային դարձնել նաեւ ԵԱՀԿ-ի ամբողջ կառույցի բարեփոխման խնդիրը` վերջնական նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրությունների դիտարկման գործում կազմակերպության ունեցած կարեւոր դերը:

Մայիսի վերջին ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնակայան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Lավրովը, ապա այստեղ հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Ռուսական կողմը տարիներ շարունակ պնդում է, թե ԵԱՀԿ-ն կենտրոնացել է ընտրությունների մոնիտորինգի եւ մարդու իրավունքների խնդիրների վրա, մոռանալով իր հիմնական առաքելության` Եվրոպայում անվտանգության ու համագործակցության մթնոլորտի հաստատման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարին իր մյունխենյան ելույթում պնդում էր, թե «ԵԱՀԿ-ն որոշ պետությունների, նախեւառաջ` Միացյալ Նահանգների շահերը պաշտպանող կառույցի է վերածվում»:

Դեռ 2004 թվականին ԱՊՀ-ի գրեթե բոլոր պետությունները` բացառությամբ Վրաստանի ու Ադրբեջանի, համատեղ հայտարարություն ստորագրեցին, պնդելով, թե ԵԱՀԿ-ն խառնվում է այս պետությունների ներքին գործերին` նախեւառաջ, ընտրական շրջանում: Այս հայտարարության տակ նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունն էր:

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Երեւանի պետական համալսարանում Քոչարյանը հայտարարեց. - «ԵԱՀԿ-ն մեր վերադաս մարմինը չէ: Դիտորդներն էլ նախկին կենտկոմի հրահանգիչները չեն, որ գան եւ մեզ հրահանգներ տան, թե ով ինչ պետք է անի»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG