Մատչելիության հղումներ

Հայկոյի առաջին փորձը Հելսինկիում


Թեեւ հայկական պատվիրակությունը խիստ գաղտնի էր պահում բեմադրության մանրամասները, մեզ հաջողվեց գտնել դրանց նկարագրությունը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական, ինչպես նաեւ esctoday.com ինտերնետային կայքում` «Զգացմունքային բեմադրություն: Սիրո ճյուղեր. հայկական մեծ բալլադը» վերնագրի ներքո. - «Բեմադրության իրականացման համար օգտագործվելու է օդամղիչ մեքենա: Տեղադրված մեծ էկրանների վրա տերեւաթափ ծառ է երեւալու, որի կարմիր ճյուղերը տարածվելու են ողջ բեմում՝ ձեւավորելով սրտաձեւ սիմվոլներ: Երգը սկսվելուն պես կուրացնող լույս է ճառագելու ծառից, հայտնվելու է Հայկոն՝ մեջքով դեպի հանդիսատեսը կանգնած: Կատարման վերջում Հայկոյի սրտից կաթող արյունը ներկելու է երգչի սպիտակ վերնաշապիկը: Ծառին կապված ճերմակ ժապավենները, հայկական ավանդույթի համաձայն, խորհրդանշելու են երազանքը, որ դեռ պետք է իրականանա»:

Բեմադրության պատասխանատուն ռուս ռեժիսոր Անդրեյ Սիչովն է, ում ընտրել է Հայկոյի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Հելսինկիում Հայկոյին կոգեւորեն նաեւ երգիչներ Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմին, իսկ Հայկոյի հարազատներից՝ եղբոր ընտանիքը:

Այսօր 52-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում կպայքարեն 28 երկրների ներկայացուցիչներ, նրանցից միայն 10 լավագույնները մայիսի 12-ի ելույթ կունենան արդեն եզրափակիչ մտած 14 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայկոյի հետ միասին:

Այս տարի Հայաստանից քվեարկության արդյունքները կհրապարակի երգչուհի Սիրուշոն:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG