Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Էլի մի սպանություն» վերնագրի ներքո «Առավոտ»-ը տեղեկացնում է, թե երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում: Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով` կրակահերթի արդյունքում սպանվել է հերթական թաղային հեղինակությունը:

«Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան ուժային կառույցների ղեկավարներին հրահանգել է մի կողմ դնել ավելորդ «փափկությունը» եւ արժանի հարված հասցնել օրինախախտներին», - գրում է «Հայք»-ը եւ շարունակում. - «Մեր աղբյուրների համաձայն, Ռոբերտ Քոչարյանը Հանրապետականին եւ «Բարգավաճ Հայաստան»-ին հրահանգել է գործել համախմբված եւ ուժերը չվատնել միմյանց դեմ պայքարի վրա: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարները խոստացել են հետեւել հրահանգին»:

Մեկնաբանելով երեկ Երեւանում տեղի ունեցած բախումը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ` «Ժամանակ Երեւան» թերթը գրում է. - «Մի բան ակնհայտ է, որ իշխանությունը սարսափում է այս ակցիաներից եւ փորձում է վախեցնել իշխանափոխության ծրագիրն առաջ տանողներին: Նրան թվում է՝ այ, մի անգամ էլ մի թեթեւ ծեծ կկազմակերպենք, այսպես ասած՝ «մինիապրիլի12», եւ մարդիկ սարսափած կփախչեն ու կփակվեն իրենց տներում: Իսկ մինչ հաջորդ արթնացում՝ «ով սաղ, ով՝ մեռած»: Բայց կարծես թե այս անգամ նույն սցենարը չի հաջողվելու, եւ փողոց ելած մարդկանց վախեցնելն այնքան էլ հեշտ չի լինելու: Այս անգամ մարդիկ ավելի վճռական են տրամադրված, իսկ իշխանությունն էլ, կարծես, սպառել է բռնությամբ դեմոկրատացման դեմն առնելու քայլերի զինանոցը»:

«Առավոտ» թերթն իր խմբագրականում փորձում է քարոզարշավի վերջին օրը լավ բաներ ասել կուսակցությունների մասին: «Հանրապետական. որքան էլ մենք դժգոհ լինենք այդ կուսակցության գործունեությունից, միայն հանրապետականներն են, որ այս ընտրարշավում ամբողջությամբ պատասխան են տալիս ոչ միայն վերջին 4, այլ վերջին 16 տարվա բազմաթիվ արատավոր երեւույթների համար:Նրանք, համենայն դեպս, ոչ մի տեղ չեն «պախկվում» եւ չեն ասում. «Չէ, այդ մենք չէինք»: «Բարգավաճ Հայաստան». այդ կուսակցությունը նույնպես կարող է իր դրական դերակատարությունն ունենալ, բայց այս պահին պարզապես լեզուս չի պտտվում որեւէ լավ բան ասել այն ուժի մասին, որի ներկայացուցիչները անպատիժ առեւանգում ու դաժան ծեծի են ենթարկում իրենց չհավանած մարդուն: Դաշնակցություն. գաղափարական խորը արմատներ ունեցող քաղաքական ուժ է: Հավանես, թե չհավանես նրանց ծրագրերը, հասկանալի է, թե նրանք ովքեր են եւ ինչ են ուզում, իսկ դա մեր օրերում, իհարկե, առավելություն է: «Օրինաց երկիր». ընտրարշավի ժամանակ կարողացավ դիմագրավել հարվածներին, որոնք տեղում էին թե իշխանական ճամբարից, թե ընդդիմադիր մրցակիցներից: Եթե դիմանում է, ուրեմն ունի ամրության մեծ պաշար»:

«Հայկական ժամանակ»-֊ը մի բաց նամակ է տպագրել՝ ուղղված Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Հակոբյանին: Հեղինակը գրում է. - «Պարոն Հակոբյան, ես Արտյոմ Խաչատրյանն եմ, որի բնակարանում ձեր ծառայությունը կազմակերպել էր խուզարկում Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի, այսպես կոչված, «փողերի լվացման» ծանր գործով: Փորձեք մի խուզարկում կազմակերպել աշխատավարձով ապրող պարոն Արմենչիկի կեսմիլիոնանոց բնակարանում Բայրոնի փողոցի վրա: Թե ի՞նչ կտեսնեք այնտեղ, ինձանից լավ եք պատկերացնում: Փորձեք խուզարկել պարոն Դոդին կամ Սերժ Սարգսյանին` իր գերդաստանով, եւ այնտեղի բռնագրավածով դուք կդառնաք Հայաստանի տնտեսական հրաշքի հայրը, քանզի այդ բարիքները լիովին կհերիքեն «Հայաստան ֊- Նյու Վասյուկի» ֆանտաստիկ նախագծի իրականացմանը: Դուք չեք անում այս ամենը, բայց հայտնաբերելով Ալեքսանդր Արզումանյանի մոտ «Մերսեդես»֊ի արժեքի մեկ քառորդին համարժեք գումար՝ քրեական գործ եք հարուցում ու ցանկանում եք հավաստիացնել, որ սա է քրեական գործը: Ապուշի տե՞ղ եք դնում մարդկանց»:

«Իրավունք»-ը գրում է. - «Նախագահական նստավայրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ մինչեւ 2008-֊ի նախագահական ընտրությունները պաշտպանության նախարարի պաշտոնը որպես կոմպրոմիսային ֆիգուր կշարունակի զբաղեցնել Միքայել Հարությունյանը: Համաձայն պնդումների՝ պաշտպանության նախարարի պոստում Արթուր Աղաբեկյանին անտեսելը զայրացրել է Դաշնակցությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անտեսմամբ է պայմանավորված քարոզարշավի 2֊-րդ փուլում Դաշնակցության կատարած կտրուկ շրջադարձը եւ կոշտ քննադատության սլաքն իր կոալիցիոն գործընկերոջ՝ Հանրապետականի եւ Հայաստանի նախագահի դեմ ուղղելու փաստը: Ասում են՝ Դաշնակցությունը իրեն պարզապես «քցված» է համարում»:

«Հայոց աշխարհ»֊-ը փորձում է կռահել, թե քարոզարշավի վերջին օրը էլ ինչով կզարմացնեն հեռուստադիտողին կուսակցությունները. - «Դաշինք» կուսակցությունն իր վերջին տեսահոլովակով կիրականացնի Նապոլեոն Բոնապարտի եւ Սամվել Բաբայանի ռազմարվեստի պատմահամեմատական վերլուծությունը: Ժողովրդական կուսակցության տեսահոլովակը ամբողջովին նվիրված է լինելու Տիգրան Կարապետյանի մասին հայ լավագույն գուսանների վերջին ստեղծագործությունների կատարմանը: «Օրինաց երկիր» կուսակցության տեսահոլովակով ցուցադրվելու են հատվածներ «Դավաճանության մեխանիկան» ֆիլմից: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի տեսահոլովակը մայիսի 13֊-ին բոլոր քաղաքացիներին կհրավիրի Ազատության հրապարակ՝ ուսապարկերի մեջ իրենց հետ վերցնելով ատամի խոզանակ, օճառ, սրբիչ, սպիտակեղեն, ինչպես նաեւ կես կիլոգրամ երշիկ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG