Մատչելիության հղումներ

logo-print
Հազարավոր մարդիկ էին այսօր մասնակցում Երեւանում` Մատենադարանի մոտ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական հանրահավաքին:

Հանրահավաքում ելույթ ունեցող ընդդիմադիր գործիչները եւս մեկ անգամ հորդորեցին իշխանություններին «չգնալ կեղծիքի ընտրությունների օրը», քանի որ դա, ըստ նրանց, «քրեորեն հետապնդելի արարք է»:

«Մենք բոլորս տեսնելու ենք հաղթանակը», - համոզմունք հայտնեց «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: - «Եթե կեղծեն, պետք է նստեն մեղադրյալի աթոռին` մեր երեխաների, մեր դեմ իրականացրածի համար»:

Իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեին, «իշխանափոխությունն այժմ իրականացրած կլինեին»:

«Բայց իշխանությունների ծրագիրը տապալված է. մենք էլի հաղթելու ենք», - հայտարարեց նա:

Հանրահավաքում հրապարակվեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որում, մանավորապես, ասված է. - «Մենք համոզված ենք, որ երկրում արձանագրված քաղաքական բեկումն անկասելի է եւ ավարտվելու է ժողովրդի իշխանության հաստատմամբ: Միայն Հայաստանում իշխող քրեական օլիգարխիայի ներկայացուցիչների պաշտոնազրկման արդյունքում հնարավոր կլինի վերջ դնել երկրում տիրող ամենաթողությանը եւ պատասխանատվության ենթարկել քրեական օլիգարխիայի հովանու ներքո բարգավաճող հանցագործներին»:

Հանրահավաքի ավարտին, ըստ կազմակերպիչների, ծրագրված է երթ դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG