Մատչելիության հղումներ

Հեղինե Բիշարյան. «Քարոզարշավն ավարտվել է, սկսվել է փողարշավը»


«Քարոզարշավն ավարտվել է, սկսվել է փողարշավը», - այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Բիշարյանը տեղեկացրեց, որ, մասնավորապես, թիվ 11 ընտրատարածքում, ուր նա պատգամավորի թեկնածու է առաջադրված մեծամասնական ընտրակարգով, մարդկանց արդեն քվեարկած քվեաթերթիկներ են բաժանում:

«Մեխանիզմը հետեւյալն է` ԺԷԿ-ի պետը իր բնակչին ասում է` «Պետք է գաս, քվեաթերթիկները պատրաստ կլինեն` քվեարկած Հանրապետական կուսակցության եւ մեծամասնականով թեկնածու Գրիշա Մարգարյանի օգտին, կտանես դա կգցես, մաքուրը դուրս կբերես, կգաս փողդ` 5 հազար դրամը, կստանաս, կգնաս»: Կոնկրետ` ես իմ ընտրատարածքի մասին եմ ասում», - նշեց Հեղինե Բիշարյանը: - «Այսինքն, վստահ չեն երեւի, որ իրենց մարդիկ իրենց կընտրեն, եւ այդպիսով, փաստորեն, վերահսկում են իրենց մարդկանց եւ այն մարդկանց, ովքեր մի 5 հազարով վաճառում են իրենց ձայնը»:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահը նաեւ համոզմունք հայտնեց, թե շարունակում են գաղտնալսել իրենց հեռախոսները:

«Ինչի՞ց են վախենում իշխանությունները», - հարց տվեց Հեղինե Բիշարյանը: - «Եթե վախենում են` ուրեմն աշխատում են ժողովրդի դեմ, եւ դրանով են պայմանավորված նաեւ նախընտրական այս շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները»:

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով «Օրինաց երկիր»-ի փոխնախագահի ասածը, հայտարարեց, թե «այդ ամենը հերյուրանքներ են, սուտ եւ իրականությանը չեն համապատասխանում»:

«Եթե նման բան գիտի, թող դիմի դատախազությանը», - ասաց Մարգարյանը: - «Օրինաց երկիր»-ը հոգեվարքի մեջ է, դրա համար չգիտեն` ինչ ասեն, փրփուրներից են բռնվում: Հնարավոր է, որ հենց նրանք էլ այդ թղթերը բաժանում են, դրա համար էլ նմանատիպ ինֆորմացիա են տարածում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG