Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է.

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտն ու խաղաղության հաստատումը Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն՝ ստեղծելով նոր՝ ավելի լայն հնարավորություններ մեր հանրապետության շենացման ու համակողմանի զարգացման համար։

Հաղթանակի օրը նորովի իմաստավորվեց 1992 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ։ Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունը եւ ազատ զարգացման իրավունքը։

Մենք գիտենք հաղթանակների եւ խաղաղության գինը։ Նաեւ տեսնում ենք դրանց պտուղները։ Ուստի եւ հավատարիմ ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին։ Այն պետք է խարսխված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության անշրջելի իրողության վրա:

Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի եւ Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, որը հնարավորություն կընձեռի ավելի մեծ չափով ծավալել հայրենաշեն գործունեություն եւ արժանի լինել մեր պատմական հաղթանակներին»։

Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ 1760 զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG