Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը երբեք այդքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը:

«Մենք հետզհետե մաքրում ենք կուտակվածը եւ երբեք այսքան մոտ չենք եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,֊ - ասել է ադրբեջանցի դիվանագետը Մոսկվայում՝ Քարնեգիի կենտրոնում կայացած սեմինարում:

Նրա փոխանցմամբ, մայիսի 10-ին Ստրասբուրգում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ` առանձին-առանձին: Դրանից հետո հնարավոր կլինի խոսել, թե ինչքանով են կողմերը մոտ գոնե նախնական համաձայնագիր կնքելուն:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը, այդուհանդերձ, հավելեց, որ միաժամանակ կա վտանգ, որ «ցանկացած պահի կարող ենք նորից շատ հեռանալ կարգավորումից»:

Նա կրկին հնչեցրեց Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե կա արդեն գրեթե համաձայնեցված նախնական փաստաթուղթ, ըստ որի բոլոր գրավյալ տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, փախստականները վերադառնում են այդ շրջաններ ու Ղարաբաղ: Այս ամենից հետո միայն, ըստ Ազիմովի, կարելի կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Իսկ կարգավիճակը, նրա խոսքերով, պետք է որոշվի` ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից. - «Ղարաբաղի հարցում` ամեն բան, բացի անկախությունից»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե հայկական կողմի շոշափելի զիջումների դիմաց ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, դիվանագետը պատասխանեց. - «Նախ այն, որ Հայաստանին ձեռնտու է խնդրի կարգավորումը, քանի որ այդ տարածքների օկուպացիան ծանր է նստում Հայաստանի վրա` բոլոր առումներով... Ընդհանրապես, Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տալ մաքսիմալ ինքնավարություն` բացի բանակից, պետական սահմաններից: Ըստ էության, սա անկախություն է»:

Շարունակելով` ադրբեջանցի դիվանագետը ասաց, որ որոշ դետալներում Ադրբեջանը արդեն դրսեւորել է իր կառուցողական մոտեցումը: Նրա խոսքերով, այն, որ Ադրբեջանը համաձայնել է հարցի խաղաղ կարգավորմանը, արդեն իսկ զիջում է իր երկրի կողմից:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG