Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանի կարծիքով, ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է կոալիցիոն կառավարություն


Ընդամենը երեք ամիս առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 14-րդն է, կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձեւավորվի կոալիցիոն կառավարություն, ինչը «նոր քաղաքական մշակույթի մի մասը կլինի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համագործակցությունը` հաշվի առնելով, որ հանրապետականներից շատերը, այդ թվում` կառավարության անդամներ, անիրատեսական են համարում քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի շռայլ խոստումները, Հարությունյանը արձագանքեց. - «Անպայման, ով առաջարկում է ծախսերը ավելացնել, պետք է առաջարկի նաեւ, թե որ մասում է նա տեսնում եկամուտների ավելացում: Այնպես որ, կարծում եմ, երբ արդեն քննարկումներ լինեն գործնական դաշտում, շատ ավելի ողջամիտ մոտեցումներ կլինեն նաեւ այն կուսակցությունների կողմից, ովքեր շատ մեծ խոստումներ են տվել»:

«Ցանկացած կուսակցություն, որը կազմելու է մեծամասնություն, որը մասնակցելու է կառավարության ձեւավորման գործընթացին, անխուսափելիորեն ունենալու է շատ ավելի ողջամիտ մոտեցում պառլամենտում, քան նախընտրական շրջանում», - ավելացրեց նա:

Կանխատեսելով մայիսի 12-ի քվեարկության արդյունքները` արդարադատության նախարարը ասաց. - «Ես կարծում եմ, որ առավել շատ ձայներ կհավաքեն Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը: Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, պառլամենտում կլինեն օպոզիցիոն, կամ օպոզիցիոն անվանվող կուսակցություններից «Օրինաց երկիր»-ը, «Ժառանգություն» կուսակցությունը: Մեծ հավանականություն կա, որ ՄԱԿ-ը կլինի: «Ազգային միաբանություն»-ը եւս ամենայն հավանականությամբ, կհայտնվի Ազգային ժողովում: ՀԺԿ-ն` շատ մեծ հարցական է»:

Հարությունյանը չցանկացած «հստակ թվեր նշել» մյուս կուսակցությունների վերաբերյալ, որովհետեւ «նրանք գտնվում են սահմանագծում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG