Մատչելիության հղումներ

Վրաստանն աջակցում է Էստոնիային


Վրաստանի խորհրադարանն այսօր պատրաստվում է ընդունել հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնելու Էստոնիային:

Վրաստանի խորհրդրարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե «այն ամենն, ինչ Էստոնիայում տեղի է ունենում Բրոնզե զինվորի արձանի շուրջ, այդ երկրի ներքին գործն է եւ ոչ ոք չունի Էստոնիայի ինքնիշխանությունը խախտելու իրավունք»:

Վրաստան եռօրյա պաշտոնական այցով երեկ ժամանած Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հանդիպել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Վրաստանի ղեկավարը խոսել է ռուս-էստոնական ճգնաժամի մասին:

«Մեզ ցնցել են վերջին շրջանում Էստոնիայում տեղի ունեցած իրադարձությունները եւ Էստոնիայի նկատմամբ կիրառված միջոցները: Մենք անընդունելի ենք համարում բոլոր փորձերն ապակայունացնելու իրավիճակը մի երկրում, որը դեմոկրտական բարեփոխումների լավ օրինակ է», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին` հավելելով, թե ինքը համոզված է, որ միջազգային հանրությունը, բարի կամքի մարդիկ աշխարհում եւ Եվրոպայում նույնպես հասկանում են, թե ինչ կարեւոր նշանակություն ունի Էստոնիայի դեմոկրատիան»:

«Ռուսաստանը կփոխի վերաբերմունքը հարեւանների հանդեպ այն բանից հետո, երբ կհասկանա, որ դեմոկրատիան լավ բան է», - ասել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պաշտոնապես Էստոնիայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանել, քանզի այդպիսի նախաձեռնությունը շատ դժվար կլիներ բացատրել Եվրոպական միությանը:

«Եթե լինեմ ինչ-ինչ քայլեր այդ ուղղությամբ, դրանք ոչ պաշտոնական բնույթ կունենան», - ասել է Իլվեսը եւ հավելել. - «Որքան դեմոկրատական ես, այնքան մեծ է ճնշումը, որին ենթարկվում ես, մեր ճանապարհին հաճախ են խոչընդոտներ հայտնվում, ուստի, կարեւոր է, որ դեմոկրատական երկրները միասին լինեն»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր էստոնացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ ռուս-վրացական վերջին ճգնաժամի օրերին Էստոնիան միանշանակ սատարել է Վրաստանին. - «Վրացիները դա երբեք չեն ուրանա, մենք չենք մոռանա այն, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջափակման եւ Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսման օրերին Էստոնիայի նախագահն ասել էր` «Մենք բոլորս վրացիներ ենք»:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Վրաստանի եւ Էստոնիայի նախագահները վճռական են միասին դիմագրավել իրենց հասցեին Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարություններին եւ սպառնալիքներին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG