Մատչելիության հղումներ

Զերբակալվել է Ալեքսանդր Արզումանյանը


Երկուշաբթի ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Նրան ձերբակալել են որպես կասկածյալի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: - «Առայժմ այդ կարգավիճակում է, եւ կարծում եմ դրանով էլ կսահմանափակվեն»:

Փաստաբանը նշեց, որ նախկին արտգործնախարարը կասկածվում է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ. - «Իսկ այդպիսի արարք քրեական օրենսգրքում նախատեսված չէ: Չեմ կարողանում հասկանալ դեռեւս, թե ինչպիսի ձեւակերպում են տվել: Սա 190 հոդվածի հանցակազմի հատկանիշներին չի համապատասխանում»:

Արսենյանը ասաց, որ Արզումանյանը, ով ներկայումս գտնվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, պնդում է, որ երբեւիցե քրեորոն հետապնդելի արարք չի կատարել:

Հարցին, թե կարող է նախկին արտգործնախարարի ձերբակալությունը քաղաքական հիմքեր ունենալ, փաստաբանը պատասխանեց. - «Ես միայն կարող եմ ասել, որ բոլոր դեպքերում իրավաբանական հիմքը չկա»:

Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ պարզաբանել էր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում եւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում խուզարկություններ անցկացնելու հիմքերը. - «Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այս տարվա ապրիլի 24-26-ին Վահան Շիրխանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում եւ, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մեկ այլ անդամ` Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արկադի Կարապետյանը:

Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն ընդամենը մեկ հարց են տվել` Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում հայտնաբերված գումարների մասին (համապատասխանաբար 55 հազար 400 եւ 28 հազար ԱՄՆ դոլար):


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG