Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հերքում է, թե առնչություն ունի Շահեն Պետրոսյանին ծեծի ենթարկելուն


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ որեւէ առնչություն չունի անցած շաբաթավերջին Հայաստանի Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանին ծեծի ենթարկած մարդկանց հետ, ովքեր վերջինիս պնդմամբ` «Գագիկ Ծառուկյանի տղաներն էին»:

«Իրեն հետ հարց է ունեցել արտասահմանցի, որի հետ ինքը [Պետրոսյանը] իրեն շատ լկտի է պահել: Կարող եք հիմա համապատասխան օրգաններից այդ պատասխանը ստանալ: Արտասահմանցի հայ է եղել, ինձ հետ կապ չունի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Շահեն Պետրոսյանը դիմել է ոստիկանության Կենտրոն համայնքի բաժին` իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Շահեն Պետրոսյանը պնդեց, թե «շատ լավ ճանաչում է» իրեն ծեծի ենթարկած անձանց, որոնք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տղաներն են»:

Մոսկովյան փողոցում գտնվող ռոք-ակումբում Շահեն Պետրոսյանը ասել է, թե «ինչո՞ւ ակումբի պատին չեն փակցնում Դոդի Գագոյի լուսանկարը, քանի որ դա կմեծացնի ակումբի այցելուների թիվը», ինչից հետո երկու երիտասարդ վիճաբանել են Պետրոսյանի հետ, թե`պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասես: Այնուհետեւ բջջային հեռախոսով զանգահարել են ինչ-որ տեղ ու հեռախոսը փոխանցել Պետրոսյանին: Ոմն անձնավորություն` ներկայանալով որպես «Ծառուկյանի Էդո», նրան ասել է, որ տեղում մնա, քանի որ «պետք է պատասխան տա իր ասածի համար»:

Կարճ ժամանակ անց ջիպով եկել են «հաստավիզ երիտասարդներ». - «Ինտերնետում կան իրենց լուսանկարները: Ես բոլորին ճանաչեցի»:

«Ծառուկյանի Էդոն, ինձ հետո ասացին, որ իր թիկնազորի պետն է... Հենց փողոցում հարվածեցին, մտցրեցին մեքենան եւ սկսեցին մեքենայում ինձ, այսպես ասած, սպանել», - շարունակեց պատմել Պետրոսյանը: - «Երեք հոգով ինձ ծեծում էին` անընդհատ հայհոյելով: Դա տեւել է մոտ երկու ժամ»:

Պետրոսյանը կատարվածը որակում է «տեռոր». - «Սա տեռորիզմ է... բանդիտիզմ եւ տեռորիզմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG