Մատչելիության հղումներ

logo-print
Շախմատի աշխարհի գավաթակիր եւ օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը կիրակի օրը պաշտոնապես հաղթող ճանաչվեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ երեւանյան մրցամարտում: Մրցամարտի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը ազդարարեց Արոնյանի հաղթանակը` 4:2 հաշվով:

Վերջին երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր առաջին հաղթանակները տոնեց Կրամնիկի նկատմամբ: Մինչ երեւանյան մրցախաղը նրանք վեց անգամ էին հանդիպել` երկու հաղթանակ ուներ Կրամնիկը, եւս չորս հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի:

Վլադիմիր Կրամնիկը խոստովանեց, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դեռ երեք անընդմեջ պարտություն չէր կրել: Արոնյանից կրած պարտությունները նա կապեց, առաջին հերթին, հոգնածության հետ:

Մրցախաղի փակման խոսքում Հայաստանի վարչապետ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ այս հաղթանակով հայկական շախմատի պատմության նոր էջ է սկսվում:

«Մենք ականատես եղանք երկու շախմատային հսկաների մենամարտին: Աշխարհի բոլոր անկյուններում դիտում էին այս խաղը, եւ վստահ եմ, որ Հայաստանի շախմատի պատմության մեջ, միգուցե նաեւ` համաշխարհային շախմատի պատմության մեջ գրվեց նոր էջ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Լեւոն Արոնյանը մայիսի 25-ից Էլիստայում մասնակցելու է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներին, որոնցում հաջողության հասնելու դեպքում իրավունք կստանա սեպտեմբերին Մեխիկոյում վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG