Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը ինքնաբացարկ հայտնեց


Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կիրակի օրը այդպես էլ չի կարողացել ընտրել երկրի նախագահ: Ընդդիմությունը, ի նշան բողոքի, երկրորդ անգամ չի ներկայացել նիստի, եւ խորհրդարանում քվեարկության համար անհրաժեշտ քվորումը` պատգամավորների թվի երկու երրորդը, չի ապահովվել: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, դրանից հետո միակ թեկնածուն՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը, ինքնաբացարկ է հայտնել:

«Ես ոչ մեկից դառնացած չեմ, քաղաքականության` իմ եւ իմ ընկերների ըմբռնումը տարբերվում է այս հնաոճ քաղաքական խաղերից: Կարծում եմ, որ այսօրվանից իմաստ չունի մնալ թեկնածու, ուստի հանում եմ թեկնածությունս: Այս պահից սկսած խնդիրը պետք է ժողովուրդը լուծի. կգա ժամանակը, եւ այն կլուծվի, իսկ ես կընդունեմ ժողովրդի վճիռը», - հայտարարել է Գյուլը:

Թուրքիայում վերջին շաբաթներին անընդհատ տեղի են ունենում ցույցեր, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանց պատկերացմամբ` իսլամիստական ուղղվածության «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Էրդողանի զինակից եւ կուսակից Գյուլի հաղթանակը կարող է վտանգել Քեմալ Աթաթուրքի հիմնադրած հանրապետության աշխարհիկ էությունը:

Թուրքիայում ավանդաբար մեծ ազդեցություն ունեցող բանակը նույնպես քանիցս ակնարկել է, թե հարկ եղած դեպքում կարող է միջամտել եւ «պաշտպանել աշխարհիկ սկզբունքները»:

Ենթադրվում է, որ հաջորդ նախագահին արդեն կընտրի նոր Ազգային մեծ ժողովը. արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հուլիսի 22-ին:

Թուրքիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է, քանի որ իշխանության առանցքային լիազորությունները վերապահված են վարչապետին: Այդուհանդերձ, նախագահը ունի որոշ հզոր լծակներ, մասնավորապես` կարող է վետոյի ենթարկել խորհրդարանի որոշումները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG