Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 5-ը մայիսի)

«Ժամանակ Երեւան»-֊ը հայտնում է. - «Երեկ գիշերը հերթական նախընտրական պատահարն է արձանագրվել՝ դաժան ծեծի է ենթարկվել Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նա երեկոյան որդու հետ որոշել է ժամանակ անցկացնել Սարյան փողոցի վրա գտնվող «Ստոպ» բարում եւ մի քիչ գինովցած վիճակում իրեն բնորոշ հումոր է արել, թե՝ «Ինչո՞ւ չեք Դոդի Գագոյի նկարը փակցրել պատերին՝ նայենք գեղագիտական հաճույք ստանանք»: Հարեւան սեղաններից մեկի մոտ, հավանաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են եղել, որոնք ծանր են տարել Շահենի հումորը եւ անմիջապես փոխանցել են ում հարկն է: Քիչ անց «դեպքի վայր» են ժամանել մի խումբ հաստավզեր: Նրանք, հենց որդու աչքի առաջ, Շահեն Պետրոսյանի ձեռքերը ոլորելով, բռնությամբ նստեցրել են «Ջիպ»֊-ը եւ տարել են դեպի Նորքի զանգվածների կողմը: Մեքենայի մեջ նրան դաժանաբար ծեծել են այնքան՝ մինչեւ ուշագնաց է եղել: Եվ, հավանաբար, կսպանեին, եթե դահիճները «շեֆից» հեռախոսով հրահանգ չստանային՝ «մի սպանեք»: Ապա սափրագլուխները գիտակցությունը կորցրած զոհին գցել են փողոցում եւ հեռացել»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական հավաքներին «դահլիճներ լցնելու» ու «բազմահազարանոց հանրահավաքներ» կազմակերպելու նոր միջոց է գտել, որը կարող էր հղանալ թերեւս միայն վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի լուսավոր գլխում: Մասնավորապես, երեկ [ուրբաթ օրը] Մալաթիա-֊Սեբաստիա համայնքում հանրապետականների նախընտրական հանրահավաքը «լցնելու» համար հանդիպումից մի քանի ժամ առաջ, բառի բուն իմաստով, փակել են «Մալաթիա» տոնավաճառը՝ այնտեղ որպես պատանդ թողնելով տոնավաճառի վաճառողներին: Վերջիններս ստիպված են եղել ավելի քան մեկ ժամ սպասել, մինչեւ հանրապետականների հավաքի սկսվելը, որից հետո նրանց ստիպել են մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Թերեւս այսպիսի Հայաստան է ուզում կառուցել Սերժ Սարգսյանը, երբ բղավում է՝ «Քեզ համար, Հայաստան»:

«Հայոց Աշխարհ»֊-ը այսպես է նկարագրում երկու օր առաջ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքը՝ իմպիչմենտի կոչերով. - «Համաձայն ոստիկանության պաշտոնական տվյալների՝ Թատերական հրապարակում մայիսի 3-ին կար ոչ թե 30 հազար, այլ 3000-֊3200 մարդ: Ինչպես հայտնի է, միտինգը կազմակերպել էին չորս կուսակցություններ՝ «Իմպիչմենտ»֊-ը, ՀՀՇ-֊ն, «Նոր ժամանակներ»-֊ն ու «Հանրապետություն»-֊ը: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրին բաժին է ընկնում 700֊-750 մարդ: Համաձայնեք, որ հանցավոր վարչախմբի գլխին դժոխք սարքելու ամպագոռգոռ խոստումներն այս խորապատկերի վրա առնվազն զավեշտական են հնչում»:

Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-֊ը տրամաբանում է. - «Վերջին պահին միանալու որոշումը չի կանխելու ընդդիմության համակիրների փոշիացման վտանգը մի քանի պատճառով: Նախ, որովհետեւ միավորվողներն ընդամենը երեքն են եւ ոչ ամենաազդեցիկները: Ապա, որովհետեւ ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս առաջադրվելուց հետո միավորվել: Երրորդ, որովհետեւ երեքից ոչ ոք չի պատրաստվում զիջել իր ընտրողների ձայները իրենցից մեկին»:

«Հայք»֊-ը պնդում է. - «Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հարաբերությունները կտրուկ սրվել են՝ դրանից բխող բոլոր ցանկալի եւ անցանկալի հետեւանքներով: Սարգսյանը չգաղտնալսված խոսակցություններից մեկի ժամանակ ասել է, որ խորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո հասնելու է նրան, որ պաշտոնանկ արվի Երեւանի քաղաքապետը: Սերժ Սարգսյանը նաեւ անկեղծանալով ասել է, թե ցանկանում է քաղաքապետի պաշտոնում տեսնել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին»:

«Առավոտ»֊ը գրում է. - «Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը այսպես է հակադարձել այն մեղադրանքներին, թե Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյով, կրիմինալ է. - «Ոչ մի տեղ գրված չէ, որ նա կրիմինալ է: Ես Լյովիկի հետ շփվել եմ եւ հաստատ եմ ասում՝ ըտենց բան չկա: Նույնիսկ ես ուզում եմ ասել, որ կուսակցության խորհրդի նիստի ժամանակ թերթեր էին բաժանել մեզ, Լյովիկը նստած խաչբառ էր լուծում: Խաչբառ լուծելը ամեն մարդու բան չէ՝ ասեմ ձեզ: Ես չեմ պատկերացնում, որ Լյովան կրիմինալ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG