Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Մեր մոտեցումը հիմնված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա»


Հայաստանի արտգործնախարարությունը այսօր վերհաստատել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան բանակցություններում:

«Ինչպես եւ նախկինում, կարող եմ վերահաստատել մեր մոտեցումը բանակցություններում, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա», - ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօրվա հայտարարությունների հետ:

«Մնացյալ հարցերը, որոնք նույնպես բանակցային սեղանի վրա են եւ քննարկվում են, ածանցյալ են եւ բխելու են հիմնական սկզբունքի ճանաչումից», - ասաց նախարարության խոսնակի պաշտոնակատարը: - «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին եւ հակամարտության կարգավորման հարցում ուժի օգտագործման սպառնալիքներին, ապա դրանց հաճախակի կրկնումը վկայում է միջազգային պարտավորությունների նկատմամբ արհամարհանքի, նաեւ թուլության ու խորը անվստահության մասին»:

«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն», - այսօր ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG