Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները պարզաբանում են պահանջում Պետդեպարտամենտի զեկույցի ձեւակերպման կապակցությամբ


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից պահանջել են պարզաբանել մարդու իրավունքների վերաբերյալ 2006 թվականի զեկույցում տեղ գտած` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ձեւակերպումը:

Պետդեպարտամենտի զեկույցի` Հայաստանին եւ Ադրբեջանին նվիրված բաժիններում Ղարաբաղի վերաբերյալ ասված է. - «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիան»: Անցած երկու շաբաթներին երկու անգամ փոփոխվելուց հետո զեկույցում, ի վերջո, մնաց այդ սկզբնական ձեւակերպումը:

Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի ենթահանձնաժողովում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին նվիրված լսումների ժամանակ Ջո Քրոուլին, հարց ուղղելով պետքարտուղարի մարդու իրավունքների գծով տեղակալ Բարի Լոուենքրոնին, ընդգծել է, որ զեկույցի ձեւակերպումը ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ լուրջ բանավեճի տեղիք է տվել: Նա շեշտել է, որ նման անդրադարձը չի արտացոլում փաստերը եւ հակասում է Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությանը, եւ կոչ է արել զեկույցից անհապաղ հանել «այդ փաստացիորեն սխալ հայտարարությունը»:

Փալոունը եւ Նոլենբերգը, իրենց հերթին, երեկ նամակ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում, մասնավորապես, ասված է. - «Բացի մտահոգիչ նախադեպից, երբ օտար պետությանը թույլ է տրվում ձեւակերպել մարդու իրավունքների մասին մեր զեկույցի գնահատականները, մենք խորապես անհանգստացած ենք նրանով, որ Պետդեպարտամենտի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության որակումը սխալ է, աննախադեպ եւ չի նպաստում տարածաշրջանում խաղաղ բանակցություններում կառուցողական ներգրավվածության` մեր կառավարության նպատակին»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Փալոունը եւ Նոլենբերգը Ռայսին կոչ են անում հրապարակավ պարզաբանել, որ զեկույցի ձեւակերպումը սխալ է եւ չի արտացոլում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է, նախ եւ առաջ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լույսի ներքո, եւ որ նման աղավաղումը տեղ չի գտնի հետագա զեկույցներում կամ այլ պաշտոնական փաստաթղթերում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG