Մատչելիության հղումներ

logo-print

Հայկական ֆիլմը մրցանակ է շահել Նյու Յորքի կինոփառատոնում


Հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության ժամանակ» ժապավենը մրցանակի է արժանացել Նյու Յորքի Tribeca Film Festival կինոփառատոնի փաստագրական ֆիլմերի «Նոր անուններ» անվանակարգում:

Ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին «Բարս մեդիա» կինոստուդիայում, պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասին:

Վարդան Հովհաննիսյանը կստանա նաեւ 25 հազար դոլար դրամական պարգեւ:

Tribeca կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոսենթալի եւ Գրեգ Հաթքոֆիի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ֆիլմերի, երաժշտության միջոցով նպաստել 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Մանհեթենի աշխուժացմանը:

Այս տարի անցկացված վեցերորդ կինոփառատոնում ցուցադրվել է 40 երկրի 275 ֆիլմ, այդ թվում Lեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» վավերագրական ֆիլմը:

«Ֆիլմը կազմված է երկու մասից: Պատերազմաի ժամանակ 1994 թվականին եղել է 5 օր, երբ ես շրջապատման մեջ էի: Դա Մարտակերտի շրջանում էր: Հինգ օր ես նկարահանում էի, որի ընթացքում տղաների մոտավորապես մեկ երրորդը զոհվեց: Մարտերը գնում էին մոտ 20 մետրի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Հովհաննիսյանը: - «Անցան տարիներ: Պատերազմն ավարտվեց: Ես հոգնել էի պատերազմից: Չէի ուզում անդրադառնալ այդ թեմային: Ամուսնացել էի, տղա, աղջիկ ունեցել: Բայց մի օր փոքրիկ տղաս հարցրեց` հայրիկ, դու զինվո՞ր ես եղել, եւ ես չունեի հստակ պատասխան: Ինչ է նշանակում լինել զինվոր, ինչ է նշանակում Հայրենիքի համար կամավոր գնալ: Շատ դժվար է փոքր երեխային բացատրել, թե ինչ է պատերազմը: Ես որոշեցի վերադառնալ իմ նկարահանումներին եւ ողջ մնացածների միջոցով փորձել պատասխանել այդ հարցին»:

Եվ ավելի քան 10 անց Հովհաննիսյանը նկարահանում է իր ֆիլմի հերոսներին խաղաղության պայմաններում. - «Մենք հասկացանք մի բան: Ինձ համար, իմ հերոսների համար ամենադժվարն ու ամենազարմանալին այն էր, որ, հաղթելով պատերազմում, մենք չհաղթեցինք խաղաղության ժամանակ: Շատ դեպքերում խաղաղության ժամանակ ավելի դժվար է, քան պատերազմում»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG