Մատչելիության հղումներ

logo-print

Ռոման Բալայանը նոր ֆիլմ է նկարահանում


«Ընտրյալը»` այսպես է կոչվելու ուկրաինական կինոյի պատմության մեջ մինչ օրս ամենաթանկարժեք ֆիլմը, որ սկսել է նկարահանել Կիեւում բնակվող հայազգի ռեժիսոր Ռոման Բալայանը:

Ինչպես տեղեկացնում է կիեւյան «Էկոնոմիչեսկիե իզվեստիա» պարբերականը, ֆիլմի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 16 միլիոն գրիվնա կամ 3 միլիոն 300 հազար ամերիկյան դոլար: Այդ գումարի 70 տոկոսը կվճարի պետությունը, մնացածը` Sota Cinema Group մասնավոր պրոդյուսերական ընկերությունը: Ընկերության ղեկավար եւ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Օլեգ Կոգանի խոսքերով, կինոնկարի հեղինակները հույս ունեն բավական արագ ետ բերել ծախսած գումարը:

11 ֆիլմերի հեղինակ, 66-ամյա Բալայանը լայն հանրությանը հայտնի դարձավ 80-ականների վերջին, երբ խորհրդային կինոթատրոնների էկրաններ բարձրացավ նրա «Թռիչքներ երազում եւ արթմնի» կինոնկարը: Այդ ֆիլմի հաջողության հիմնական գրավականներից մեկն էլ խորհրդային, այժմ արդեն ռուսական կինոյի ամենահայտնի աստղերից մեկի` Օլեգ Յանկովսկու մասնակցությունն էր:

Այժմ Բալայանը փորձում է կրկնել 20-ամյա վաղեմության հաջողությունը, եւ կրկին` Յանկովսկու անմիջական մասնակցությամբ:

Նախապես Բալայանը մտադրություն ուներ «Ընտրյալը» նկարահանել Ռուսաստանում` ռուս պրոդյուսերների փողերով: Ուկրաինայի մշակույթի նախարարությունը, սակայն, կարողացավ համոզել նրան, որ ֆիլմը նկարահանվի Ուկրաինայում, իսկ ծախսերի մեծ մասը հոգան ուկրաինական պետությունն ու ուկրաինացի գործարարները:

Անցյալ դարի 80-ականների իրադարձությունների մասին պատմող «Ընտրյալը» ֆիլմի նկարահանումները կավարտվեն մինչեւ տարեվերջ, եւ կինոնկարը էկրաններ կբարձրանա 2008-ի գարնանը` միաժամանակ Ուկրաինայում եւ Ռուսաստանում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG