Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, պնդելով, թե եզրագծին մոտեցող նախընտրական քարոզարշավի ընթացքում այդպես էլ «բովանդակալից նախընտրական բանավեճ» չի լսվել, նկարագրել է. - «Ե՛վ սեփական անձի, ե՛ւ մրցակիցների մասին հայրենի քաղաքական գործիչները խոսում են ծեծված արտահայտությունների օգնությամբ, որոնք առանց որեւէ փոփոխության գործածում են տարիներ շարունակ։ Եվ հետո սոցիոլոգները տխուր արձանագրում են, թե ընտրողներն ընտրություն կատարելիս կողմնորոշվում են ոչ թե ծրագրով, այլ թեկնածուի անձով, ավելի ճիշտ՝ դրա մասին իրենց պատկերացումներով»։ «Իսկ ինչո՞վ պիտի կողմնորոշվի խեղճ ընտրողը», - հարցրել է մեկնաբանն ու կանխատեսել. - «Ընտրողները կգան քվեատուփերի մոտ՝ բացարձակապես անտեղյակ թեկնածուների ու կուսակցությունների իրական մտադրությունների մասին, եւ կքվեարկեն կա՛մ սրտի թելադրանքով, կա՛մ կհետեւեն ինքնախաբեություններից արված եզրահանգումներին»։

«Ազգ»-ի մեկնաբանը, իր տպավորությունները փոխանցելով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ընթացող քարոզարշավից, արձանագրել է «մարդկանց ոչ միանշանակ վերաբերմունքը ընտրական գործընթացների եւ քաղաքական ուժերի հանդեպ». - «Նախ՝ այս սահմանամերձ գյուղերում Հայաստանի ամենաաղքատ զանգվածն է ապրում։ Հետո մեկ տասնյակից ավելի գյուղերի գյուղապետների, կարելի է ասել, գերակշիռ մասը հանրապետական է: Եվ այն խոսակցությունը, թե քվեարկությունը գաղտնի է, դու ես ու ծրարը, այս տիպի բնակավայրերում բանահյուսության ոլորտից է»: «Երբ գյուղացիների հետ խոսում են պաշտոնյաները նախընտրական հանդիպումների ընթացքում, նրանք երբեք չեն ասում այն, ինչ մտածում են, անգամ զգուշանում են լրագրողից՝ կարեւորն ասելիս ձայնը ցածրացնում են՝ շուրջը նայելով», - հավելել է մեկնաբանը։

«Ընտրակաշառքների մրցույթ» վերնագրի տակ «Ժամանակ Երեւան» թերթը փոխանցել է. - «Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները Աշտարակի Փարպի գյուղում ծրարներ են բաժանել մարդկանց, որոնց մեջ եղել են 5000-ական դրամներ»։ Գյուղացիներից մեկը թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրենք կարծել են, որ դրանք ծանուցման համար տրվող ծրարներ են, սակայն բացելուց հետո տեսել են, որ ՀՅԴ-ի բուկլետների հետ միասին 5000 դրամ է դրված եղել ծրարներում։ Իսկ Տաշիրում, ըստ թերթի, «Հանրապետական կուսակցությունը բնակիչներին գյուղատնտեսական պարագաներից սկսած, մինչեւ անգամ սառնարաններ է բաժանել»։ «Փաստորեն՝ քաղաքական ուժերը մրցակցում են ընտրակաշառքով, այլ ոչ թե գաղափարներով», - եզրակացրել է թերթը։

«Հայք» թերթի աղբյուրների պնդմամբ, «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն եւ մոտ մեկ ժամ հարցաքննվել»։ Թերթը մանրամասնել է. - «Անվտանգության ծառայության աշխատակիցները Բաղդասարյանի հետ զրուցել են նրա եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հայտնի զրույցի մասին։ Բոլոր հարցերին պատասխանելուց հետո Արթուր Բաղդասարյանը շարունակել է քարոզարշավը»։ Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը թերթի թղթակցին հավաստիացրել է, թե Բաղդասարյանը չի հարցաքննվել։

«Տարեգիր» պարբերականի տեղեկությունների համաձայն, «այս օրերին մեկնարկային վիճակի են բերվում ոստիկանության բոլոր ուժերը` հնարավոր վտանգավոր ցույցերը կանխելու համար»: «Այս օրերին որոշ ոստիկաններ արդեն հոխորտում են, որ իրենց կամքով պատրաստ են ջարդել ժողովրդին: Նման վճռականությունը պատճառաբանում են այն հանգամանքով, որ իրենք չեն հավատում, որ ընդդիմադիրները կարող են հաջողության հասնել եւ արդեն հոգնել են փողոցային ցույցերի մշտարթուն վերահսկողությունից», - գրում է թերթը:

«Իրավունք» թերթի պնդմամբ, ընտրություններին մասնակցող Միացյալ ազգային առաջադիմական կուսակցությունը (ՄԻԱԿ)-ը ոչ միայն նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի քաղաքական նախագիծն է, այլեւ «այդ «նախագծում» մեծ դերակատարություն ունի, մասնավորապես, քաղաքական ուղղորդման առումով, ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական նման նախագծերի «ստվերային կարդինալ» Արմեն Սարգսյանը»։ «Հիշյալ «նախագծում» ներգրավված են միջազգային տարբեր կառույցների ու ԾԻԳ-երի հետ աշխատող կամ դրանց առնչվող անձինք։ ՄԻԱԿ-ը հեռահար նպատակներ ունեցող նախագիծ է, եւ այս ընտրություններում մասնակցությունը միայն սկիզբն է», - գնահատել-ամփոփել է թերթը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, թիվ 41 ընտրատարածքում նախօրեին ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ի քարտուղար Գագիկ Մելիքյանին խոստացել են Տավուշի մարզպետի պաշտոնը: Թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկությունները` Հանրապետականի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Մենք չենք խոստացել: Մենք ուղղակի մտադիր ենք Գագիկ Մելիքյանի ունակություններն օգտագործել գործադիր իշխանության մեջ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG