Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանը հուլիսի 22-ին նշանակել է արտահերթ ընտրություններ


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանն այսօր 458 կողմ քվեով որոշել է հուլիսի 22-ին անցկացնել արտահերթ համազգային ընտրություններ, ինչի նպատակն է հաղթահարել խորհրդարանում երկրի նախագահ ընտրելու չլուծված հարցի հետեւանքով ի հայտ եկած կառավարական ճգնաժամը:

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Ազգային Մեծ ժողովը կընդունի նաեւ սահմանադրական լրամշակումների փաթեթը, որը թույլ կտա երկրի նախագահին ընտրել ոչ թե խորհրդարանում, այլ համաժողովրդական քվեարկությամբ:

Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ մահմեդական դիրքորոշման «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնել է, որ իր կուսակիցը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն է առաջադրվելու նախագահության թեկնածու:

Ապրիլի 27-ին Գյուլը խորհրդարանում առաջին փուլում հաղթել է, սակայն նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ քվեներ չի հավաքել: Մայիսի 1-ին երկրի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները` վճռելով, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ քվորում չի եղել:

Խորհրդարանում մայիսի 6-ին նախատեսված է առաջին փուլի վերաքվեարկություն, սակայն, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունն այն կբոյկոտի, եւ քվորում վերստին չի լինի:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընդդիմախոսները ենթադրում են, որ Աբդուլա Գյուլի հաղթանակը վնաս կհասցնի երկրի աշխարհիկ սկզբունքներին: Թուրքիայում ավանդաբար մեծ ազդեցություն ունեցող զինվորականությունն՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ, գեներալ 3աշար Բույուքանիթի, վերջերս հայտարարել է, որ «հարկ եղած դեպքում բանակը պատրաստ է միջամտել եւ պաշտպանել հանրապետության աշխարհիկ էությունը»:

Եվրոպական կառույցները դատապարտել են այդ հայտարարությունը եւ թուրք զինվորականներին հորդորել են չմիջամտել քաղաքական հարցերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG