Մատչելիության հղումներ

Նյույորքյան համաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում անկախ մամուլի վիճակին


Մամուլի միջազգային օրվան նվիրված համաժողով է անցկացվել երեքշաբթի օրը Նյու Յորքում: Ներկայացուցչական այս համաժողովում ամերիկացի կոնգրեսական Էլսի Հասթինգսը, որը Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է, իսկ նախկինում շուրջ երկու տարի նախագահում էր ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը, հիշեցրել է, որ Հայաստանում «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակված է մնում:

Իր ընդարձակ ելույթում Հասթինգսը անդրադարձել է ԵԱՀԿ-ի անդամ երկրներում մամուլի ազատության խնդիրներին` մասնավորապես նշելով. - «[ԱՄՆ-ի] Պետդեպարտամենտի եւ ԵԱՀԿ-ի մամուլի պատասխանատուի զեկույցների համաձայն, Հայաստանում եւ Ադրբեջանում իշխանությունները ձգտում են վերահսկել ազատ մամուլը, հատկապես` հեռուստաեթերը: Օրինակ, փակվելուց հետո «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը երբեք չթույլատրվեց վերադառնալ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հենց անցած շաբաթ Պետդեպարտամենտը քննադատեց այդ պետությանը լրագրողին բանտարկելու համար:

Իր ելույթի` Ռուսաստանին վերաբերող հատվածում Էլսի Հասթինգսը նշել է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն մամուլի ազատության առումով Ռուսաստանը դասել է աշխարհի վատթարագույն երկրների շարքում: Նա հայտնել է, որ 1992 թվականից սկսած Ռուսաստանում 42 լրագրող է սպանվել:

Հիմնական զեկուցող` ԱՄՆ-ի պետքարտուղարի հանրային հարաբերությունների գծով տեղակալ Կարին Հյուսը ասել է, որ պատմության մեջ ժողովրդավարության զարգացման գործում լրագրողները երբեք այնքան կարեւոր դերակատարություն չեն ունեցել ու նաեւ երբեք այնքան սպառնալիքի տակ չեն գտնվել, որքան հիմա:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում լրագրողները մեծ վտանգի տակ են: Նրանց համար սպառնալիքների, բանտարկվելու կամ սպանվելու ռիսկը մեծ է», - ընդգծել է Հյուսը:

Նրա բերած տվյալներով` անցյալ տարի ամբողջ աշխարհում ավելի քան 130 լրագրող է բանտարկվել իր մասնագիտական գործունեության համար:

Համաժողովում Ռուսաստանի մամուլի վիճակը մանրամասնորեն ներկայացրել է «Վաշինգտոն Փոստ»-ի մոսկովյան գրասենյակի նախկին ղեկավար Փիթեր Բաքերը: Նա Ռուսաստանում աշխատել է 2000 - 2005 թվականներին եւ իր կնոջ հետ, ով նույնպես լրագրող է, «Կրեմլի վերածնունդը. Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը եւ հեղափոխության վերջը» վերնագրով գիրք է գրել:

Բաքերի խոսքերով, վերջին 5 տարիների ընթացքում Ռուսաստանում հարկադրաբար փակվել են համարյա բոլոր անկախ լրատվամիջոցները, սպանվել են լրագրողներ, Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ընկերությունների կողմից ճնշում է գործադրվել թերթերի, հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների վրա:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում Էլսի Հասթինգսը 2005 թվականի նոյեմբերին այցելել էր Հայաստան: Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում նա բարձրացրել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին հետեւելու համար ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն հրավիրելու հարցը:

Հայաստանի իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ-ից դիտորդներ չհրավիրեցին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG