Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե նախորդ ընտրություններում ամենապահանջարկված քարոզարշավային արսենալը հայհոյանքն ու իշխանությունների հասցեին անկանոն անեծքներն էին, որոնք ունեին որոշակի հանրային պահանջարկ, այժմ իրադրությունը այժմ բոլորովին այլ է», - շարադրում է «Ազգ» թերթի վերլուծաբանը։ - «Եվ այս քարոզարշավի հենց սկզբից պարզ դարձավ, որ անհնար է նախորդ ընտրությունների մեթոդներով ստանալ ժողովրդի վստահությունը: Ժողովրդին կոնկրետ ծրագրեր ու դրանց իրագործման կոնկրետ մեխանիզմներ են պետք, ու սա է հիմնական պատճառը, որ այս քարոզարշավում առաջին պլան մղվեցին եւ իրենց նկատմամբ հանրային լուրջ պահանջարկ ձեւակերպեցին այն կուսակցությունները, որոնք առաջարկում են կոնկրետ ծրագրեր, տալիս են դրանց լուծման կոնկրետ եւ իրատեսական մեխանիզմներ եւ աշխատում են հնարավորինս զերծ մնալ պոպուլիզմից»:

«168 ժամ» պարբերականը բաղդատել է - «Ե'վ Ֆրանսիան, ե'ւ Հայաստանն այս օրերին նախընտրական տենդի մեջ են: Ընդ որում, հիմնական տարբերությունն այն է, որ Ֆրանսիայում ընտրարշավը արտաքինից հսկայական շոու է, բովանդակությամբ` լրջագույն քաղաքական պայքար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է: Մեզ մոտ ընտրարշավն արտաքինից լրջագույն քաղաքական պայքար է, իսկ բովանդակությամբ` շոու... Եվ այնուամենայնիվ, այս անգամ էլ մերոնք էլ են սկսել օգտվել արեւմտյան փորձից. նախընտրական փուչիկներ, քարոզչական ավտոբուսներ եւ նույնիսկ չար ուժերի խրտվիլակներ, որոնց սկզբում ծեծում են, հետո՝ այրում»: «Այո, արտաքինով մենք սկսում ենք նմանվել Արեւմուտքին։ Մնում է որ բովեանդակությամբ էլ նմանվենք», - եզրափակել է պարբերականը։

Քարոզարշավի թեման արծարծելով` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը շեշտադրել է. - «Ցավալի է բայց փաստ. մեծամասամբ ժողովրդին ո՛չ ծրագիր է ներկայացվել, ո՛չ էլ գաղափար, առավել եւս` դրանք իրագործելու մեխանիզմներ։ Այսինքն՝ ոչինչ չի քարոզվել։ Փոխարենը ընտրողին ներկայացվել է հեշտ մարսվող, սիրտ շահող գովազդ։ Որոշակիորեն կարելի է եզրահանգել, որ ոչ թե արորզարշավ է իրականացվել, այլ գովազդարշավ»։

«Քաղաքականացված կարտոֆիլ» վերնագրի տակ «Հայք»-ը գրել է. - «Կուսակցությունների նախընտրական խոստումները մարդկանց համար օդում սավառնող անիմաստ խոսքեր են։ Շատ ավելի առարկայական է արտոֆիլի գինը, որը նախընտրական շրջանում թանկացել է 50-ից 100 դրամով։ Եթե մեկ-երկու ամիս առաջ հնարավոր էր այն ձեռք բերել 200-250 դրամով, ապա այսօր 300 դրամից էժան անհնար է գնել։ Որոշ շուկաներում կարտոֆիլը վաճառվում է 400 դրամով»։ Գավառից Երեւան կարտոֆիլ բերող գյուղացիներից մեկը թերթի թղթակցի հետ զրույցում, ի հեճուկս իշխանությունների պնդումների, ասել է, թե «կարտոֆիլի գնի բարձրացումը եղանակային պայմանների հետ կապ չունի. - «Գագիկ Ծառուկյանն այնքան կարտոֆիլ գնեց ու բաժանեց, որ ողջ պաշարը վերջացավ։ Կամ էլ թանկացել է, որ բարեգործությունն ավելի շատ ձայն արժենա», - հավելել է գյուղացին։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր Երեւան է ժամանում «օրենքով գող», ազգությամբ եզդի «դեդ Հասանը», որը, ըստ թերթի աղբյուրների, «իր լծակները օգտագործելու է ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության համար: Ըստ մեկ այլ վարկածի, Հասանը ինչ-որ ֆինանսական պահանջներ ունի ՀՀ իշխանություններից եւ ցանկանում է այդ հարցերը լուծել մինչեւ մայիսի 12-ը»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG