Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ադրբեջանը տեղ են գտել մամուլի ազատության առումով վատթարագույն երկրների տասնյակում


Lրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ հատուկ զեկույց է հրապարակել` ներկայացնելով այն 10 երկրները, որտեղ մամուլի ազատությունը վերջին 5 տարիների ընթացքում վատթարագույն վիճակում է: Տասնյակում տեղ են գտել նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Առաջին հնգյակում աֆրիկյան երեք երկրներ են` Եթովպիան, Գամբիան, Կոնգոն, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Կուբան:

Տասնյակում են նաեւ Պակիստանը, Եգիպտոսը, Ադրբեջանը, Մարոկկոն եւ Թաիլանդը:

Ռուսաստանի վերաբերյալ արձանագրված է, որ «բոլոր երեք ազգային հեռուստաընկերությունները գտնվում են պետության վերահսկողության տակ». - «Վերջին հինգ տարիների ընթացքում 11 լրագրող է սպանվել: Այդ գործերից ոչ մեկը չի բացահայտվել: Lրագրողների ձերբակալությունները երեք անգամ ավելի հաճախակի են դարձել»:

Ադրբեջանի մասին զեկույցի հեղինակները գրում են. - «Խմբագիր Էլմար Հուսեյնովը 2005 թվականին սպանվել է: Lրագրողների քրեական հետապնդումները 14 անգամ ավելացել են, ձերբակալությունները 5 անգամ ավելի հաճախակի են դարձել: 2006 թվականին առեւանգվել են երկու հայտնի լրագրողներ: Հուսեյնովի սպանությունը հետաքննող խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւան մահվան սպառալիք է ստացել»:

Զեկույցի հեղինակները ուսումնասիրել եւ հաշվի են առել 7 գործոններ. կառավարության կողմից իրականացվող գրաքննությունը, դատական հետապնդումները, հարուցված քրեական գործերը, լրագրողների մահվան դեպքերը, ֆիզիկական գրոհները մամուլի վրա, լրագրողների բանտարկությունները եւ մամուլին ուղղված սպառնալիքները:

Lրագրողների պաշտպանության կոմիտեն իր զեկույցում չի ներառել Իրաքն ու Սոմալին, որտեղ «չկան աշխատանքային նորմալ պայմաններ լրատվության համար»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG