Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Հետընտրական պրոցեսներ չեն լինի»


Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարական ընտրությունները Հայաստանում «առավել հաջող կանցնեն, քան հեղափոխական Վրաստանում եւ Ուկրաինայում», եւ «հետընտրական պրոցեսներ չեն լինի»:

«Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում միշտ հասարակությունը ավելի լուրջ է վերաբերում քաղաքական գործընթացներին, քան մի շարք այլ երկրներում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի խոսնակը` փաստարկելով. - «Դրա ճշմարտացիությունը հաստատեցին այն զարգացումները, որոնք կարելի է տեսնել այս մի քանի տարվա ընթացքում այն երկրներում, որտեղ տեղի ունեցան այսպես կոչված գունավոր հեղափոխություններ: Կյանքը գրեթե չփոխվեց, խնդիրները մնացին, դեռ մի բան էլ ավելացան»:

Քարոզարշավը, ըստ Թորոսյանի, անցնում է «հանդարտ, առանց հայհոյանքի», եւ այս առումով «հաճելիորեն տարբերվում է նախորդ նախընտրական գործընթացներից»:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ի քարոզարշավի հիմնական դերակատարը վարչապետ Սերժ Սարգսյանը, Թորոսյանը պատասխանեց. - «Պարոն Սարգսյանը քարոզարշավի հիմնական բեռը տանում է այցերի տեսակետից. շատ ճիշտ դիտարկում է: Բայց քարոզարշավը չի սահմանափակվում միայն այցերով: Զգալի թվով հանրապետականներ հեռուստաընկերությունների տարբեր հարցազրույցների են մասնակցում եւ այն»:

«Որեւէ կուսակցության քարոզչական շրջանում օգտագործվելիք մարտավարությունը կարելի է գնահատել ընտրությունների արդյունքներով», - շարունակեց նա: - «Այնպես որ, 15 օր հետո կարող ենք գնահատել` կուսակցությունը ճիշտ մարտավարություն է ընտրել, թե ոչ: Վստահ եմ, որ կուսակցությունը հաջողություն կունենա առաջիկա ընտրություններում, եւ սա կհաստատի նաեւ մարտավարության ճշմարտացիությունը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG