Մատչելիության հղումներ

logo-print
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության» 2006 թվականի զեկույցը, որում ասվում է, որ մամուլի ազատության անկումն անցյալ տարի շարունակվել է: Մասնավորապես` մտահոգիչ զարգացումներ են եղել Ասիայում, նախկին խորհրդային երկրներում եւ Հարավային Ամերիկայում: Նկատելի է դարձել ինտերնետային մամուլի ազատությունը սահմանափակելու միտումը:

Ինչպես եւ 2005 թվականին՝ անցյալ տարվա ամփոփման արդյունքում էլ Հայաստանը համարվել է «ոչ ազատ» երկիր:

Freedom House-ը 1980 թվականից է հրապարակում իր ամենամյա զեկույցները: Սահմանվել է երեք կարգ՝ «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ» երկրներ: Freedom House-ը բոլոր երկրներին տալիս է 0-ից 100 միավոր` երեք բնագավառների ուսումնասիրության արդյունքում: Դրանք են՝ մամուլի գործունեության իրավական, քաղաքական եւ տնտեսական դաշտերը:

2005 թվականին Հայաստանում մամուլի իրավական դաշտը գնահատվել էր 20 միավոր, քաղաքական ազդեցությունների գործոնը՝ 26 եւ տնտեսական ճնշումներինը՝ 18. արդյունքում` Հայաստանը 64 միավորով տեղ էր գրավել «ոչ ազատ» երկրների ցանկում: 2006-ի տվյալներով, Հայաստանը վերստին ստացել է 64 միավոր եւ Զամբիայի հետ կիսում է 142-րդ տեղը: Վերջին զեկույցում արձանագրվել են որոշ տեղաշարժեր՝ իրավական դաշտի գնահատականը 20 միավոր է, քաղաքական ազդեցությունը՝ 24, իսկ տնտեսական ճնշումներինը՝ 20:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը, «սակայն կառավարությունը եւ նրանք, ովքեր մոտ են կանգնած իշխող կուսակցությանը, գործնականում չեն ապահովում մամուլի ազատությունը». - «Զրպարտությունը քրեորեն պատժելի է: Հասարակական մի շարք կազմակերպություններ՝ Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուզ Հայաստանը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը կազմել են օրենքի նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել պաշտոնյային վիրավորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող Քրեական օրենսգրքի 318 հոդվածը: Հայաստանը 2003 թվականին ընդունել է ինֆորմացիայի ազատության օրենք, որը, սակայն, պատշաճ կերպով չի կիրառվում»:

Զեկույցում նշվում է «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին բանակից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 2006 թվականի սեպտեմբերին 4 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը: «Բաբաջանյանը խոստովանել է իր մեղքը: Իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ, դատավարության հիմքում եղել են քաղաքական շարժառիթներ, դատարանը սահմանել է նմանօրինակ հանցանքի համար անհարկի խիստ պատիժ», - ասված է զեկույցում:

Նշվում է, որ «նախագահն է նշանակում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր անդամներին». - «Հեռարձակվող մամուլի աշխատանքը կարգավորող այդ կառույցի գործունեությունը գտնվում է կառավարության հսկողության ներքո եւ թափանցիկ չէ»:

«Ա1+»-ը, որը «ազդեցիկ եւ քաղաքական առումով անկախ հեռուստակայան էր, անցած տարվա ընթացքում վերստին փորձել է ստանալ հաճախականության լիցենզիա, սակայն դիմումը մերժվել է»: Նշվում է, որ 2002 թվականին վտարվելով եթերից` «Ա1+»-ը 12 անգամ լիցենզիայի դիմում է ներկայացրել եւ 12 անգամն էլ ապարդյուն. - «Ամեն տարի հայ լրագրողները բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով վերականգնել «Ա1+»-ի եթերի իրավունքը»:

Զեկույցում ասվում է, որ կառավարությունը մամուլի նկատմամբ ուղղակի հսկողություն կամ գրաքննություն չի իրականացնում, սակայն «մամուլի սեփականատերերի վրա ոչ պաշտոնական ճնշումների միջոցով հզոր ազդեցություն է ապահովում հատկապես հեռարձակվող ԶԼՄ-ների դաշտում»:

Անցած տարեվերջին, երբ սկսեց ակտիվանալ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու արշավը, «ընդդիմության նկատմամբ խտրականություն է նկատվել»:

«Տպագիր մամուլը համեմատաբար ազատ է տարբեր կարծիքներ արտահայտելու հարցում: Այդ ազատությունը մասամբ բացատրվում է փոքր տպաքանակով եւ հեռավոր շրջաններում աննշան ներկայությամբ: Ամենամեծ տպաքանակն ունեցող «Հայկական Ժամանակ»-ը օրական վաճառվում է 6 հազարից քիչ օրինակով: Տպագիր մամուլն ունի դժվար լուծելի ֆինանսական խնդիրներ, քիչ են տնտեսական եւ քաղաքական խմբավորումների շահերից անկախ լույս տեսնող թերթերը», - ասված է զեկույցում:

«Ա1+»-ը փակելուց հետո եթերում մնացած հեռուստակայանների «մեծ մասը քաղաքական առումով կառավարամետ է, որպես կանոն անտեսում է ընդդիմադիր գործիչներին». - «Հանրային հեռոուստատեսությունը, որի հաղորդումները սփռվում են ամբողջ երկրի տարածքում, խուսափում է քննադատել կառավարությանը, ինչը վկայում է հեռարձակվող մամուլում ինքնագրաքննության միտումների մասին»:

Զեկույցում նշված են լրագրողների վրա բիրտ հարձակումների փաստեր. հուլիսին հարձակման է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային թղթակից Գագիկ Շամշյանը, «Չորրորդ իշխանության» գրասենյակը հրկիզվել է, սեպտեմբերին ծեծի է ենթարկվել «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

Ըստ Freedom House-ի «Աշխարհում մամուլի ազատության» 2006 թվականի զեկույցի, Հայաստանի հարեւաններից Թուրքիան եւ Վրաստանը «մասամբ ազատ» են, Իրանը եւ Ադրբեջանը` «ոչ ազատ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG