Մատչելիության հղումներ

«Հայաստանը ԱՄՆ-ի օգնությամբ հզորացնում է ահաբեկչության դեմ պայքարելու կարողությունները»


Oրենքով սահմանված ժամկետում ամեն տարի մինչեւ ապրիլի 30-ը ԱՄՆ-ի պետական քարտուղարը Կոնգրեսին ներկայացնում է աշխարհում ահաբեկչության մասին զեկույցը: Երեկ հրապարակված փաստաթղթում ասվում է, որ 2006 թվականի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 14 հազար ահաբեկչական գրոհ, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ: Գրոհների գրեթե կեսը տեղի է ունեցել Իրաքում:

Պետքարտուղարի զեկույցում կա նաեւ Հայաստանի բաժինը, որտեղ ասում է, որ ԱՄՆ-ի էական օգնությամբ Հայաստանը հզորացնում է ահաբեկչության դեմ պայքարելու կարողությունները. - «Հայաստանի աշխարհագրական դիրքը, ոչ ամուր սահմանները եւ ոչ խիստ վիզային ռեժիմը ընձեռում են մարդկանց, ֆինանսների եւ նյութերի ապօրինի փոխադրման հնարավորություն»:

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաեւ Վրաստանում անկայունության վտանգի պայմաններում, ըստ զեկույցի, հարեւան Իրանի հետ դիվանագիտական եւ առեւտրական կապերը Հայաստանում դիտվում են որպես ռազմավարական անհրաժեշտություն: Անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանելուն:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի կենտրոնական բանկի կառույցում ԱՄՆ-ի օգնությամբ ստեղծված Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը ուսումնասիրել է 23 կասկածելի փոխանցումների դեպքեր, դրանցից 3-ի մասին տեղեկությունները փոխանցվել են գլխավոր դատախազություն` լրացուցիչ հետաքննության համար: Այսօրվա դրությամբ չեն բացահայտվել ֆինանսական գործարքներ, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչության մեջ կասկածվող երկրների կամ խմբավորումների հետ: Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, դրամական փոխանցումների հոսքը շատ մեծ է, եւ դա դժվարություններ է առաջացնում ահաբեկչությանը սատարող գործարքների բացահայտման խնդրում:

«Հայաստանն ավելի պաշտպանված անձնագրեր է թողարկում, սահմանային անցակետերում շարունակում է տեղադրել անձնագրերի տվյալները ստուգող համակարգիչներ, միջոցներ է ձեռնարկում կարեւոր փաստաթղթերի, մասնավորապես, ծննդյան վկայականների անվտանգության աստիճանը բարձրացնելու համար», - ասված է զեկույցում: - «Անցյալ տարվա նոյեմբերից Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդակայանում ներմուծվել է ուղեւորների մատնահետքերը պարտադիր գրանցելու կարգը: Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը ԱՄՆ-ի դեսպանատանը տեղյակ են պահում ամերիկյան կեղծ վիզաների եւ այլ փաստաթղթերի դեպքերի մասին»:

Զեկույցում նշվում է, որ մայիսին Հայաստան է այցելել ՄԱԿ-ի Ալ-Ղաիդայի հարցով պատժամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության կենտրոնի թիմը, որն ուսումնասիրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1267 բանաձեւի իրագործման ընթացքը: Թիմը հանդիպել է Կենտրոնական բանկի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների եւ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ: ՄԱԿ-ի փորձագետները գոհունակություն են հայտնել Հայաստանի կատարած աշխատանքի վերաբերյալ:

Նշվում է նաեւ, որ Հայաստանն աջակցում է ԱՄՆ-ին Իրաքում, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները: Բացի այդ, Հայաստանն ԱՄՆ-ին օդային միջանցք է տրամադրել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի նախաձեռնած Enduring Freedom գործողության համար:

«Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանն ԱՊՀ-ի այլ երկրների հետ միասին մասնակցել է «Ատոմ-Հակաահաբեկչություն – 2006» զորավարժություններին, որոնց ընթացքում Հայաստանի հատուկ ստորաբաժանումները եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ջոկատը համատեղ իրականացրել են Մեծամորի ատոմակայան ներխուժած պայմանական ահաբեկիչներին վնասազերծելու եւ պատանդներին ազատ արձակելու գործողություն»:

ԱՄՆ-ի պետական քարտուղարի` աշխարհում ահաբեկչության մասին ամենամյա զեկույցում կան նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի բաժինները: Վրաստանի մասին, մասնավորապես, նշվում է, որ այդ երկիրն «ամրացնում, խստացնում է սահմանների հսկողությունը, սակայն այդ աշխատանքին վնաս են հասցնում սահմանային անցկակետերում առկա կոռուպցիան, նյութական միջոցների պակասը եւ անջատողականների գործողությունները»: Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը եւ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ: Զեկույցում նշվում է, որ հունվարի 12-ին Վրաստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վլադիմիր Հարությունյանին, որը 2005 թվականին փորձել էր նռնակ նետել Թբիլիսի այցելած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա:

Ադրբեջանին վերաբերող բաժնում ասվում է, որ այդ երկիրը ԱՄՆ-ին օդային տարածք եւ օդակայաններ է տրամադրել հակաահաբեկչական գործողության համար: Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ուժային կառույցները տեղեկություններ են փոխանակում: Ադրբեջանը մասնակցում է Իրաքում խաղաղապահ առաքելությանը: Ադրբեջանի իշխանությունները պայքար են մղում մահմեդական արմատական խմբավորումների, այդ թվում Ալ-Ղաիդայի հետ առնչություն ունեցող կառույցների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG