Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) վարչությունը որոշել է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին` կոչ անելով իր ընտրազանգվածին քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:

Պաշտոնական փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ չեն ներկայացվել: Բայց, ինչպես այսօր լրագրողներին հավաստիացրեց ՀԱԿ-ի նախագահ Տիգրան Ուրիխանյանը, դրանք կներկայացվեն սահմանված ժամկետում:

Որոշումը, այդուհանդերձ, վերջնական չէ, քանի որ Ուրիխանյանը այսօր լրագրողներին ասաց հետեւյալը. - «Եթե մենք գանք ՀՀԿ-ի հետ այն պայմանավորվածության, որ մեր օրենսդրական նախագծերը իրենց միջոցով օրենսդիր դաշտում կիրականացվեն, ուրեմն որոշումը վերջնական կլինի»:

Նրա խոսքերից կարելի էր եզրակացնել, որ որոշումը կարող է չեղյալ համարվել նաեւ ներկուսակցական տարաձայնությունների հետեւանքով. - «Եթե դատական համակարգի միջոցով կամ կանոնադրությամբ թույլատրված կարգով, այսինքն` երկու երրորդի պահանջով արտահերթ համագումար հրավիրելով վարչության որոշումը չկասեցվի, ուրեմն որոշումը վերջնական է»:

Հարցին, թե արդյո՞ք պայմանավորվածություն եղել է ՀՀԿ-ի հետ նրանց պաշտպանելու հարցում եւ արդյո՞ք Հանրապետականը պատրաստ է իրականացնել այն, ինչ ակնկալում է ՀԱԿ-ը, Ուրիխանյանը պատասխանեց. - «Վստահ եմ, որ այն քաղաքական ուժը, որին մենք փոխանցում ենք մեր աջակցությունը, իսկ դա բավականին էական աջակցություն է, բարոյապես պարտավորված կլինի արդարացնելու այն հույսերը, որոնք իրենց հետ կապում են առաջադիմական կուսակցության անդամները, համախոհները, համակիրները: Ի վերջո այդ ցուցակը 20-հազար հոգանոց է»:

Ուրիխանյանի խոսքով, իրենք ՀՀԿ-ի քվեները կավելացնեն 2,5-3 տոկոսով:

ՀԱԿ-ի ղեկավարը նաեւ խոստովանեց. - «Մենք պարզ գիտակցեցինք, որ 5 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարել չենք կարող»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG