Մատչելիության հղումներ

Հայոց եղեռնի մասին ձեւակերպման փոփոխությունից հետո Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը բացվել է


Երկուշաբթի օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը, որը երեք շաբաթ առաջ հետաձգվել էր` դրանում Հայոց մեծ եղեռնի հիշատակման դեմ Թուրքիայի առարկությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ցուցատախտակներից մեկում անդրադարձը Հայոց ցեղասպանությանը վերաձեւակերպվել է` «Թուրքիայում» բառը փոխարինվել է «Օսմանյան կայսրությունում» բառերով, ինչպես նաեւ հանվել է կոտորածի զոհ դարձած հայերի թիվը:

Մեծ Բրիտանիայում գործող Aegis Trust կազմակերպության նախաձեռնած ցուցահանդեսի` «ցեղասպանություն» բառի սահմանման հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին պատմող ցուցատախտակում սկզբնապես ասված էր. - «Առաջին աշխարհամարտից հետո, որի ժամանակ Թուրքիայում մեկ միլիոն հայ էր սպանվել, լեհաստանցի իրավաբան Ռաֆայել Լեմկինը Ազգերի լիգային հորդորեց բարբարոսության հանցագործությունները ճանաչել միջազգային հանցագործություններ»:

Թուրք դիվանագետը բողոքել էր Հայոց մեծ եղեռնի հիշատակման դեմ, ինչից հետո ցուցահանդեսը հետաձգվել էր եւ բացվել միայն վերոհիշյալ ձեւակերպման մեջ փոփոխություններից հետո. - «1933 թվականին լեհաստանցի հրեա Ռաֆայել Լեմկինը Ազգերի լիգային հորդորեց մեկ առանձին խմբի դեմ զանգվածային վայրագությունները ճանաչել միջազգային հանցագործություն: Նա մատնանշեց Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները եւ պատմության մեջ տեղ գտած այլ զանգվածային կոտորածներ: Նրա առաջարկը մերժվեց»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարիտրոսյանը հայտարարել է, որ ձեւակերպումը շարունակում է արտացոլել ճշմարտությունը` «որոշ չափով»: «Դա պատմության թուրքական վարկածն է, որը անընդունելի է մեզ համար, սակայն խուսափելու համար ցուցահանդեսի նոր հետաձգումից` մենք համաձայնության եկանք», - նշել է դեսպանը:

Ռուանդայում 800 հազար մարդու կյանք խլած ցեղասպանության 13-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

«Այս ցուցահանդեսը Ռուանդայի ցեղասպանության դասերի մասին է եւ չի փորձում պատմական դատողություններ անել այլ թեմաներով», - հայտարարել է, մասնավորապես, Բան Կի-մունը: - «ՄԱԿ-ը որեւէ դիրքորոշում չի որդեգրել այն իրադարձությունների առնչությամբ, որոնք տեղի են ունեցել մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հանգեցրեց կազմակերպության ծնունդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG