Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի նախագահական ընտրարշավը մտել է վճռական փուլ


Այսօր Փարիզում հանրահավաք է նախատեսված` ի պաշտպանություն Ֆրանսիայի նախագահության սոցիալիստ թեկնածու Սեգոլեն Ռուայալի: Չի բացառվում, որ հանրահավաքի ժամանակ ձախ ուժերի թեկնածուն կհրապարակի այն գործչի անունը, ով իր հաղթանակի դեպքում կդառնա երկրի վարչապետ:

Օրեր առաջ ֆրանսիական մերձքաղաքական շրջանակներում լուրեր էին տարածվել, թե այդ գործիչը կարող է լինել ընտրությունների առաջին փուլում քվեների 19 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Բայրուն:

Երեկ, սակայն, Ռուայալը հերքել է այդ լուրերը` նշելով, թե իր նախընտրած թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Դոմինիկ Ստրոս-Կանն է:

«Ստրոս Կանը շատ տաղանդավոր մարդ է, համոզված եմ, որ նա բավական լավ վարչապետ կլինի», - ասել է Ռուայալը:

Այսօր հանրահավաք է անցկացնելու նաեւ նախագահության պարտված թեկնածուներից մեկը` «Ազգային ճակատի» առաջնորդ Ժան Մարի լը Պենը:

Ընտրությունների առաջին փուլում ձայների 10 տոկոսը ստացած այս թեկնածուն ասել է, որ մայիսի 1-ին է տեղեկացնելու, թե երկու թեկնածուներից ո՞ւմ է աջակցելու երկրորդ փուլում:

Վերլուծաբանները համոզված են, որ լը Պենի ձայները միանշանակորեն գնալու են «Ժողովրդական շարժում միություն» կառավարող կուսակցության թեկնածու Նիկոլա Սարկոզիին:

«Ազգայնականները երբեք չեն քվեարկի սոցիալիստ թեկնածուի օգտին», - պնդում են փարիզյան պարբերականները` հիշեցնելով, որ Սարկոզին իր նախընտարական արշավի հիմնական թեման էր դարձրել լը Պենի ծրագրի` անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին դրույթը:

Վերջին սոցհարցումները վկայում են, որ Սարկոզիի կողմնակիցների թիվը 4-5 տոկոսով գերազանցում է սոցիալիստներին աջակցողներինը:

Վաղը նախատեսված է նախընտրական հեռուստաբանավեճ ուղիղ եթերում` Սեգոլեն Ռուայալի եւ Նիկոլա Սարկոզիի մասնակցությամբ:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների` ապրիլի 22-ին անցկացված առաջին փուլում հաղթել են Սարկոզին եւ Ռուայալը, որոնք ստացել են ընտրողների ձայների, համապատասխանաբար, մոտ 31 եւ 26 տոկոսը:

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է այս կիրակի` մայիսի 6-ին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG