Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ՀՀՇ-ի որոշումը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ողջունեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) որոշումը` ընդդիմության միավորման նպատակով համամասնական ընտրապայքարից դուրս գալու մասին:

«Ես կարծում եմ, որ, եթե դա միտված է դաշտի քաղաքական համատեղմանը, միայն կարելի է ողջունել: Մենք ողջունում ենք մասնակցային, համակարգային այլընտրանքը տեղ հասնելու ցանկացած միջոցառում, եւ, կարծես թե, ՀՀՇ-ն այդ նպատակն է հետապնդում», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով: - «Մենք] ողջունում ենք այլոց համատեղ գործունեությունը եւ ի վերջո հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը կոնսոլիդացիայի կարգով առավել կայուն կլինի` արժեքների, այլընտրանքների եւ գաղափարների վրա խարսխված, եւ դուրս կգանք այս անձնակենտրոն այլընտրանքներից: Այս տեսակետից, ես կարծում եմ, որ ՀՀՇ-ն, որը շատ լուրջ քաղաքական կազմակերպություն է, որը մեր հանրապետության հիմնարկեքին ներկա է եղել եւ կարեւոր մասնակցություն ունեցել... շատ լուրջ ուժ է, դրա համար վստահ եմ, որ ապագայում եւս կունենա լրջագույն մասնակցություն մեր քաղաքական կյանքին»:

Մեկնաբանելով անցած շաբաթ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասրյանին դավաճանության մեջ մեղադրելու մասին հայտարարությունը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ասաց. - «Ով օգտագործում է դավաճան պիտակը, պետք է խիստ շրջահայաց լինի, խիստ հեռատես, եւ այդպես հռետորական նպատակներով չգործածի այն: Յուրաքանչյուր ոք ունի իր տեսակետի իրավունքը, ունի նաեւ իրավունքը չգաղտնալսվելու, չհետապնդվելու: Ես չգիտեմ նախկին խոսնակի որոշ տեսակետներ, մոտեցումներ, բայց դրանք արտահայտելու իրավունքը ունի, եւ, ես կարծում եմ, որեւէ մեկը պետք է չկարողանա նման բնորոշումներ տալ որեւէ մեկին` առանց հիմնավորման»:

«Մեր մարտահրավերները, սպառնալիքները արտաքին այնքան մեծ են եւ բազմապիսի, որ ներսում թշնամիներ, դավաճաններ փնտրելու ո'չ ժամն է, ո'չ էլ` հիմնավորումը առկա», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անցած շաբաթ, Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումներին` Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի գաղտնալսված զրույցի վերաբերյալ, ասել էր. - «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG