Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյան. «Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել միայն անկաշկանդ իշխանությունը»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով այսօր քարոզարշավով այցելեց Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, արձագանքեց վարչապետ Սերժ Սարգսյանի` անցած շաբաթ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու հավաստիացումներին` պնդելով, որ ներկա իշխանությունը «ինքն է խրված կոռուպցիայի մեջ»:

«Բարձրաստիճան պաշտոնները դարձել են գործ դնելու՝ բիզնես դնելու միջոց», - հանդիպումներից մեկի ժամանակ ասաց ընդդիմադիր առաջնորդը: - «Ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին այն իշխանությունը, որն ինքը խրված է կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել միայն անկաշկանդ իշխանությունը, որը որեւէ մեկին պարտական չի: Ո՞նց կարող է կոռուպցիայի դեմ պայքարել մի իշխանություն, որն ընտրությունների ժամանակ ապավինում է քրեական տարրերին»:

Շարունակելով` Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Ընտրակաշառք են բաժանում, հետո նայում ես, հեռուստատեսությամբ ասում են՝ ժողովուրդ, հանկարծ ձեր ձայնը չվաճառեք... Մարդիկ չեն էլ հավատում, չեն էլ ուզում գնալ ընտրությունների: Ասում են՝ մեկ է գողանալու են…»:

«Որ բնակավայր մտնեմ, նույն հարցից է սկսում հանդիպումը՝ մենք քեզ ընտրում ենք, բայց գողանում են, հիմա էլի գողանալու են», - ասաց ՀԺԿ-ի առաջնորդը` վստահեցնելով, թե «էդ գողերի դեմ պետք է միասին պայքարել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG