Մատչելիության հղումներ

Գերագույն ռադան որոշեց միաժամանակ անցկացնել խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները


Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր որոշում է ընդունել միաժամանակ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, խորհրդարանը որոշել է ընտրություններն անցկացնել երկրի Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո ամենաուշը 90 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերի 9-ը:

Համաձայն ընդունված որոշման, ժամանակավոր հատուկ հանձնաժողովը պետք է մինչեւ հունիսի 15-ը մշակի նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ նախատեսող սահմանադրական փոփոխությունների նախագիծ` հաշվի առնելով երկրի նախագահի եւ գործընթացի այլ մասնակիցների առաջարկները:

Փոփոխությունները Սահմանադրությունում ընդգրկելու համար անհրաժեշտ են 300-ից ոչ պակաս ժողովրդական պատգամավորների ձայները:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ապրիլի 26-ին երկրորդ հրամանագիրն էր ստորագրել խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն ընտրությունների օր էր նշանակել ոչ թե մայիսի 27-ը, ինչպես առաջին հրամանագրով էր, այլ հունիսի 24-ը:

Կառավարամետ խորհրդարանական մեծամասնությունը Գերագույն ռադան լուծարելու մասին նախագահի հրամանագիրը վիճարկել է Սահմանադրական դատարանում, որը, սակայն, դեռեւս որոշում չի կայացրել այդ հարցով:

Ակնկալվում է, որ Ուկրաինայում խորացող քաղաքական ճգնաժամը առանցքային տեղ կգրավի Ուկրաինայի արտգործնախարար Արսենի Յացենյուկի ԱՄՆ այցի օրակարգում: Այսօր սկսվող երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, սենատոր Ռիչարդ Լուգարի եւ ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG