Մատչելիության հղումներ

logo-print
Շաբաթ երեկոյան համամասնական ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարած Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երկուշաբթի օրը, տեղեկացնելով, որ կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից երկուսը նույնպես դուրս են եկել ընտրապայքարից, ասաց, որ կուսակցությունը, այդուհանդերձ, շարունակելու է մասնակցել քաղաքական գործընթացներին:

Մեծամասնական պայքարից դուրս եկած թեկնածուների թվում է նաեւ ինքը` Արարատ Զուրաբյանը. - «Մեծամասնականը մնում են Իգիթյան Հովհաննեսը եւ Մանուկյան Արամը: Ես գտնում եմ, որ ՀՀՇ վարչության նախագահի մնալը կուսակցության` համամասնական ցուցակով չմասնակցելու պարագայում որեւէ իմաստ չունի»:

Զուրաբյանը հավելեց, որ կուսակցությունը շարունակելու է մասնակցել քաղաքական գործընթացներին ոչ միայն այս երկու ընտրատարածքներում, այլեւ` իրենց համակիրներին կոչ են անելու քվեարկել այն քաղաքական ուժերի օգտին, որոնք իրենց գաղափարներով ու սկզբունքներով («իշխանափոխություն, ժողովրդավարություն, ազատականություն եւ իրատեսական քաղաքականություն») մոտ են ՀՀՇ-ին:

«Այս սպեկտրում կան մի քանի քաղաքական ուժեր», - ասաց նա: - «Նաեւ ակնկալում ենք, որ կլինեն նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք կհետեւեն մեր օրինակին [դուրս գալ համամասնական ընտրապայքարից]` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով ընդդիմադիր որեւէ մեկ քաղաքական ուժի [համար]` կենտրոնացնելու ձայները եւ շատ ավելի լուրջ եւ պատկառելի ներկայացված լինելու պառլամենտում»:

ՀՀՇ-ի ղեկավարը չորոշակիացրեց, թե ընդդիմադիր որ ուժերը կհետեւեն կամ կարող են հետեւել իրենց օրինակին: Նա համոզմունք հայտնեց, որ եթե մայիսի 2-ին [ինքնաբացարկի վերջին օրը] չստացվի ընդդիմության այդ թեւի միավորումը, ապա մայիսի 12-ից հետո «ավելի ընդարձակ միավորում» է ստացվելու:

«Այսօր արված քայլը ապագային է միտված», - ասաց Զուրաբյանը: Այսինքն` սրանով կուսակցությունը քայլ է կատարում դեպի նախագահական ընտրություններ:

«Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից Հայաստանի Հանրապետությանը, մեր հասարակությանը կարող է ազատել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը», - եզրափակեց ՀՀՇ-ի ղեկավարը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG