Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կանցկացվի ԱՄՆ - Եվրամիություն գագաթնաժողովը


Այսօր Վաշինգտոնում` Սպիտակ տանը նախատեսված է ԱՄՆ - Եվրամիություն գագաթնաժողովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, կողմերը մտադիր են կենտրոնանալ տնտեսական կապերի ընդլայնման ուղիների վրա: Մասնավորապես, ակնկալվում է նոր անդրատլանտյան տնտեսական գործընկերության, ինչպես նաեւ Եվրամիության հետ «բաց երկնքի» վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում:

Ինչպես նախօրեին տեղեկացրել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Եվրամիությունում նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ քննարկելու է նաեւ «արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակով համագործակցության ընդլայնման ուղիները»:

Հանդիպման օրակարգում են լինելու, մասնավորապես, Իրաքի, Աֆղանստանի, Իրանի, Լիբանանի, Մերձավոր Արեւելքի, Կոսովոյի, Դարֆուրի հիմնախնդիրները:

Քննարկվելիք այլ թեմաների թվում են էներգետիկ անվտանգությունը, կլիման, Եվրամիության երկրների քաղաքացիների` առանց արտոնագրի ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը:

Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ջուդի Էնսլիի խոսքերով, Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` Միացյալ Նահանգների ծրագիրը օրակարգում ընդգրկված չէ, «սակայն եթե որեւէ մեկը դրան անդրադառնա, նախագահ Բուշը ուրախ կլինի այն քննարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG