Մատչելիության հղումներ

Անցյալ տարի աշխարհում ավելի քան 14 հազար ահաբեկչական ակտ է կատարվել


Աշխարհում անցյալ տարվա ընթացքում 14338 ահաբեկչական ակտ է կատարվել, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 20 հազար մարդ: Այդ մասին ահաբեկչության վտանգի վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցի` այսօր նախատեսվող հրապարակումից առաջ հաղորդել են Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի պաշտոնատար անձինք:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, զեկույցում ընդգրկվում են ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կառույցի մեջ մտնող Ազգային հակաահաբեկչական կենտրոնի հավաքած տվյալները:

2005 թվականի համեմատ` անցյալ տարի ահաբեկչական հարձակումների թիվը աճել է 29 տոկոսով, դրանց հետեւանքով զոհվածների թիվը` 5,8 հազարով կամ մոտ 40 տոկոսով: 2006 թվականին ահաբեկչությունների 45 տոկոսը տեղ է գտել Իրաքում, ընդ որում, հաշվի են առնված միայն ծայրահեղականների գործողությունները երկրի խաղաղ բնակչության դեմ, այլ ոչ թե հարձակումները ամերիկացի զինծառայողների վրա:

Ամերիկացի պաշտոնյաների վկայությամբ, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ իր օգնականները քննարկել են զեկույցի հրապարակումը հետաձգելու կամ դրանից Իրաքին առնչվող տվյալները հանելու հնարավորությունը. Սպիտակ տանը գտնում են, որ նոր վիճակագրությունը միայն ջուր կլցնի վարչակազմի քաղաքական ուղեգծի քննադատների ջրաղացին: Ի վերջո, Ռայսը որոշել է զեկույցը Կոնգրեսին ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում` մինչեւ ապրիլի 30-ը:

Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները պահանջում են այս տարվա հոկտեմբերից սկսած վեց ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից: Ամերիկյան խորհրդարանի զույգ պալատները համապատասխան բանաձեւ են ընդունել, որի վրա, սակայն, նախագահ Ջորջ Բուշը մտադիր է վետո դնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG