Մատչելիության հղումներ

Եբրայական համալսարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության` Իսրայելում ճանաչման թեման


Այսօր երեկոյան Երուսաղեմի եբրայական համալսարանում հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանության` Իսրայելում ճանաչման թեմայով գիտաժողով է հրավիրել, որին նախատեսված է Քնեսեթի պատգամավորների եւ հրեա մտավորականների, Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի, Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը:

Հայագիտության ամբիոնի` արդեն ավանդական դարձած ապրիլյան գիտաժողովները նաեւ սգո երեկոներ են. դրանցում հնչում է հայկական դուդուկը, հայերեն բանաստեղծություններ են կարդացվում: Իսկ քաղաքական ելույթները ուղղված են, հիմնականում, Հայոց ցեղասպանության` Իսրայելի կառավարության կողմից չճանաչման փաստի դեմ:

Այս տարի հանդիպումը կազմակերպել է Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի ներկայիս ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերջիո Լապորտան, ով ազգությամբ իտալացի է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պրոֆեսոր Լապորտան հայտնեց, որ գիտաժողովի ժամանակ եւ ինքը, եւ Ցոլակ Մոմջյանը, եւ այլ մասնակիցներ անպայման ցեղասպանության ճանաչման մասին են խոսելու, «որովհետեւ շատ կարեւոր տարի է, բայց շատ հարցեր եւ շատ խնդիրներ են մնում»:

Պրոֆեսորը կարծիք հայտնեց, որ «Իսրայելի համար շատ կարեւոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նույն փաստարկներն իր դեմ կարող են օգտագործվել»: Մասնավորապես, նա նշեց, որ Իրանը ժխտում է հրեական ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է թուրք - իսրայելական հարաբերություններին, ապա պրոֆեսոր Լապորտան համոզված է, որ Իսրայելը չի մտածում իր ապագայի մասին, եւ որ Թուրքիան անկայուն պետություն է:

«Ի՞նչ տեղի կունենա, երբ Թուրքիայում իսլամիստական խորհրդարան եւ նախագահ լինեն: Ի՞նչ տեղի կունենա, երբ Թուրքիայի տեսակետները փոխվեն: Որտե՞ղ է այդ պարագայում լինելու Իսրայելը եւ ի՞նչ դիրք է բռնելու», - ընդգծեց հայագիտության ամբիոնի ղեկավարը:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG