Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 28-ը ապրիլի)

«Ժամանակ Երեւան»-ի համոզմամբ` ուրբաթ օրը Երեւանի պետական համալսարանում «Արթուր Բաղդասարյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած ագրեսիան պատահական չէր»: Թերթը իր լավատեղյակ աղբյուրից տեղեկացել է, որ օրերս նախագահականում քաղաքական որոշում է կայացվել` Արթուր Բաղդասարյանին եւ նրա «Օրինաց երկիր»-ին խորհրդարան չտանել: Ըստ նույն աղբյուրի՝ որոշվել է «Օրինաց երկիր»-ի փոխարեն խորհրդարան անցկացնել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, Ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական հետաքննություն էր սկսվել «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի խոսակցության գաղտնալսման եւ գաղտնալսված նյութի` մամուլում հայտնվելու կապակցությամբ: Այդ տեղեկությունների համաձայն՝ ծառայողական հետաքննության արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզեր, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունից ինֆորմացիայի արտահոսք տեղի ունեցել եւ ինչպես է գաղտնալսված նյութը հայտնվել մամուլում: Ուրբաթ օրը, սակայն, Ազգային անվտանգության ծառայությունից թերթին պաշտոնապես հայտնել են, թե Ազգային անվտանգության ծառայությունը որեւէ կապ չունի Արթուր Բաղդասարյանի եւ Ռիչարդ Հայդի գաղտնալսված խոսակցության ձայնասկավառակի հետ: «Չնայած այս հայտարարությանը, շատերն անգամ չեն կասկածում, որ արտասահմանցի դիվանագետի եւ «Օրինաց երկիր»-ի առաջնորդի գաղտնալսումը կատարվել է հենց Ազգային անվտանգության ծառայության կողմից», - գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«168 ժամ»-ը շեշտադրել է. - «Հետաքրքիր զուգադիպությամբ` թե Ռոբերտ Քոչարյանի, թե Արթուր Բաղդասարյանի մոտեցումները նույնն են. Քոչարյանը, չգիտես ինչու, խնայում է «դավաճան» Բաղդասարյանին ու նրա նկատմամբ կոշտ մոտեցումներ դրսեւորելը համարում է ոչ ճիշտ, իսկ Բաղդասարյանն էլ, չգիտես ինչու, խնայում է իշխանություններին ու նրանց դատի չի տալիս իրեն զրպարտելու համար»: «Պարադոքսն այն է, որ երկու կողմի հիմնավորումներն էլ ճիշտ են. համ օտարերկրյա դիվանագետի հետ ծպտյալ խաղեր տվողն է դավաճան, համ էլ ընտրություններ եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ հանրաքվե կեղծողները: Ընդ որում՝ Արթուր Բաղդասարյանը մտնում է վերոնշյալ երկու կատեգորիաների մեջ», - ամփոփել է թերթը:

«Հայոց Աշխարհ»-ի համոզմամբ` «Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի առաջ բերած խառնաշփոթը կշարունակի պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը շարունակում է դիտարկել որպես իր ընթացիկ-քաղաքական հարցերը լուծելու համար կողմերից մեկին սիրաշահելու կամ մյուսին թելադրելու պարզ գործիք»։ «Դրա հետեւանքով նրանք ծուղակներ են սարքում մեկ նախընտրական Հայաստանի, մեկ՝ հակաիրանական Ադրբեջանի համար եւ ապա, իրենք ընկնելով դրանց մեջ, սկսում են պտույտներ գործել սեփական ստվերի շուրջ», - ամփոփել է թերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. - «Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետականների նախընտրական հոլովակում հնչում է Շարլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը: Հաշվի առնելով, որ երգը գրվել է Սպիտակի մեծ երկրաշարժի առիթով, երբ հանրապետության մոտավորապես կեսը ավերված էր, կարելի է ենթադրել, որ Հանրապետականը հենց այդպես է գնահատում Հայաստանի արդի տնտեսական վիճակը: Դե ինչ, նման ինքնաքննադատությունն, անկասկած, գովելի է, եւ մնում է ենթադրել, որ ընտրողներն ըստ արժանվույն կգնահատեն նժդեհականների անկեղծությունը»:

Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցեր կատարելիս քմահաճ չէ ոչ սննդի, ոչ էլ հյուրանոցների հարցում: Այդ մասին «Առավոտ»֊-ին տեղեկացրել է նախագահի արարողակարգի ղեկավար Ֆադեյ Չարչօղլյանը, ում վկայությամբ` «մեր նախագահը թե Հայաստանում, թե արտերկրում ուտում է գրեթե ամեն ինչ»: Ամեն դեպքում, ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանն ունի նախընտրած ուտեստներ, օրինակ, նա շատ է սիրում ձկնեղեն, ծովային ուտեստներ եւ մսից պատրաստված ճաշատեսակներ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG