Մատչելիության հղումներ

Բորիս Ֆռլեց. «Այս փուլում պահանջվում է միայն օրենսդրության բարեխիղճ իրագործում»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ «ազատ եւ արդար ընտրությունների համար Հայաստանում կա իրավական դաշտ». - «Այս փուլում միայն պահանջվում է օրենսդրության բարեխիղճ իրագործում»:

Երկարաժամկետ դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը հրապարակվել է երեկ: Զեկույցում գնահատականներ չեն տրվում` սոսկ նկարագրված է իրավիճակը:

«Ընտրական օրենսգիրքը ուղղակիորեն չի արտահայտում, թե արդյո՞ք թույլատրվում է ընտրությունների մասնակիցների կողմից քարոզչական միջոցառումների անցկացումը նախքան ընտրությունները», - գրում են զեկույցի հեղինակները` նշելով «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ակնհայտ քարոզչություն կազմող նյութերը` փողոցային վահանակների տեսքով, որոնք տեղադրված են եղել մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Դիտարկվել է նաեւ լրատվական դաշտը. - «Երկրի տարածքով հեռարձակվող հեռուստաալիքների քարոզչական գովազդի սակագները, ըստ երեւույթին, բարձր են... Քաղաքական ուժերի զգալի մասն իրենց մտահոգությունն է բարձրացրել` մատնանշելով, որ արգելք ստեղծող բարձր գները թույլ են տալիս միայն սահմանափակ կերպով օգտվել քարոզչության այս եղանակից»:

Մոնիթորինգի ենթարկված լրատվության լուսաբանումը ընդհանուր առմամբ բնութագրվել է որպես «կառավարության գործունեության լայնածավալ լուսաբանում»: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցաբերել է «հստակ նախապատվություն «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ», Հանրային հեռուստաընկերությունը կառավարությանը տրամադրել է իր քաղաքական «պրայմ թայմի» լրատվական լուսաբանման 43 տոկոսը: Հ2-ը կառավարությանը հատկացրել է մոնիթորինգի ենթարկված լուսաբանման 57 տոկոսը:

Հարցին, թե նկատե՞լ է արդյոք, որ ժողովուրդը վախեցած է (ինչպես պնդում են ընդդիմադիրները), Ֆռլեցը պատասխանեց. - «Ես երախտապարտ կլինեի, որ այդ հայտարարությունները նյութական տեսք ստանային եւ բողոքների, նամակների միջոցով հասնեին մեզ, որպեսզի մենք արձանագրեինք: Բայց դրանք մեզ չեն հասել, եւ ասեկոսեները մթնոլորտի նման այնպիսի բաներ են, որ չես կարող բռնել: Դրանք նյութական չեն»:

Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի գաղտնալսված զրույցի հրապարակման մասին Բորիս Ֆռլեցը ասաց, որ դրան կանդրադառնան իրենց հաջորդ զեկույցում:

Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականիի վերաբերյալ, թե` Բաղդասարյանի արածը դավաճանություն է, դիտորդական առաքելության ղեկավարը ասաց. - «Եթե հանդիպումն արգելվեր, երկիրը ժողովրդավարական չէր լինի: Բնական է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները հանդիպեն կուսակցությունների հետ, իրենց կարծիքը կազմեն կատարվող իրադարձությունների մասին: Բայց ես խոսում եմ մեթոդի մասին. դա պետք է թույլատրելի լինի: Խոսքը բովանդակության մասին չէ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG